Հասարակություն

Մահացել է՝ դուրս նետվելով մեքենայից. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի  բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին  պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ Թ.Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button