Վերլուծական

ԼՂ հարցով թեւակոխում ենք նոր փուլ.վերլուծաբան

karenghazaryan
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծիք է հայտնել, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլորովին այլ փուլ ենք մտել: Նրա խոսքով՝ այսօր հայտնի էլ չէ բանակցային գործընթաց կա, թե ոչ, այնուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացներում: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով նույնպես ԼՂ հարցով մենք թեւակոխում ենք նոր փուլ: Ըստ Արա Պապյանի, մինչդեռ, այն որոշակիորեն եզրափակիչ փուլն է եւ հենց դրանով էլ պայմանավորված են խնդրով առկա մտահոգությունները:

 

 

«Ընդդեմ իրավական կամայաականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը գոհ չէ այն հանգամանքից, որ այսօր հայտնի չէ՝ բանակցային գործընթաց կա, թե ոչ: Այնուամենայնիվ, նախկին ՄԻՊ-ի խոսքով, բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացներում: Նրա գնահատմամբ՝ այն գործընթացը, որը Մինսկի խմբի շրջանակներում է ճգնաժամ է ապրում:

«Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ: Այս տարիների ընթացքում այս խմբի կողմից տարվող գործընթացի անունն ինչ էլ դնենք, ապրում է ճգնաժամ: Դրա  մասին խոսում է ոչ միայն այն, որ կողմերի միջև չկա պայմանավորվածություն հանդիպումների մասին, այլև այն, որ շատ համեստ եւ շատ զգուշավոր են նաեւ Մինսկի խմբի անդամների հայտարարությունները. կփորձենք, ձգտում ենք, անում ենք… Այսինքն, ճգնաժամը առկա է»:

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում  հայկական կողմի դիրքորոշումներն իր համար պարզ չեն: Քառօրյա պատերազմից հետո  պարզվեց, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումները մազաչափ անգամ չեն փոխվել: Ընդ որոմ, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, հայկական կողմի մոտեցումները եղել  ու մնում են հեղհեղուկ՝ հայտարարությունների ներքո սեղանին դրված փաթեթի, զիջումների, հողերի վերաբերյալ անհասկանալի բնութագրերով: Նրա խոսքով՝ որոշ իշխանավորների բորբոքված ելույթները,  թե ո՞վ է ասում, որ մենք հողեր ենք տալու, ո՞վ է ասում, որ նման խոսակցություններ կան՝ տեղին չեն ու հասցեական չեն.

«Եթե ոչ մի բան էլ չի եղել, Կազանի մասին ե՞ս եմ ձեզ լուրը տվել, ե՞ս եմ հայտարարել, որ համաձայնել են ինչ-որ այդ փաստաթղթին: Ես տեղյակ չեմ եղել, ես ձեզ նման տեղեկացել եմ իշխանությունների հայտարարություններից: Այնպես որ, այս ազնվական բորբոքումն ամենևին տեղին չէ եւ հասցեական չէ»:

Առկա մտահոգություններն էլ, ըստ նրա, տեղին են: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը նկատեց, որ այն, ինչ այսօր սեղանին դրված է՝ տարածքներ կարգավիճակի կամ խաղաղության դիմաց, դա նոր չէ՝ գալիս է 94-ի համաձայնագրից:

Արա Պապյանի խոսքով՝ վերջին փաստաթուղթը Կազանինն է, որի մասին խոսվել է եւ նման ձեւաչափով հարցի լուծումն անընդունելի է:

Անդրադառնալով հայկական կողմի քայլերին՝ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ պետք է փոխվի բանակցային գործընթացի հիմքն ու էությունը: Այսինքն՝ տարածքներ ինչ-որ բանի դիմաց սկզբունքը պետք է չեղյալ արվի: Բացի այդ, քաղաքագետի խոսքով, աշխարհաքաղաքական զարգացումներում կա եւ դրական եւ բացասական հանգամանք: Դրականն այն է, որ Հայաստանի համար կարող են լինել նաեւ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել՝ զարգացնելով հարաբերությունները արեւմուտքի հետ՝ այլընտրանք ստեղծելով:

Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ որոշակի նախաձեռնություններ պետք է լինեին հայկական կողմից, որոնք չեն արվել: Հիշեցնելով, որ  ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի այլ ինստիտուտներ, օրինակ, փաստերի ուսումնասիրման մարմին, որին Ադրբեջանը տեղի-անտեղի դիմում է, մինչդեռ, հայկական կողմը՝ ոչ:

«Եթե իշխանություններն անգամ այդքան զգայուն չեն, որ յուր քաղաքական էլիտայի շնորհիվ արվի ինչ-որ դրական բան, ժողովուրդն անելու է դա՝ ի հեճուկս, ինչպես դա արել է միշտ, մասնավորապես՝ 92 թվականից սկսյալ»:

Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, բացառված չէ: Նրա խոսքով՝ պատերազմի հավանականությունը բավական լուրջ մակարդակի վրա է, քանի որ մենք չունենք հաջողություններ դիվանագիտության մեջ, որ ասենք, թե իջեցվել է այդ վտանգի աստիճանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ապրիլյան տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար, որ ԶՈՒ-ն ուժեղացվի և ոչ այլ ինչ՝ շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև Ֆրանսիայի նախաձեռնությամբ սպասվող հանդիպմանը անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ դա որևէ դրական արդյունք հակամարտության կարգավորմանը չի տա:

«Դրանով Մինսկի խումբն ուզում է ցույց տալ եւ ապահովել իր շարունակելիությունը, իսկ մենք որևէ ակնկալիք դրանից չպետք է ունենանք: Բայց սա չի նշանակում, որ ես դեմ եմ հանդիպումներին: Հանդիպումների առկայությունը նշանակում է, որ գոնե պատերազմ պիտի չլինի»:

Փարիզյան հնարավոր հանդիպումից որեւէ սպասելիք չուներ նաեւ քաղաքագետ Արա Պապյանը:

Back to top button