Հասարակություն

Տեղի է ունենում ընտրովի արդարադատություն.Սաքունց

alisagevorgyan
«Հուլիսյան իրադարձությունների առնչությամբ ոստիկանության և իրավապահ մարմինների գործողությունները չեն ենթարկվում որևէ տրամաբանության: Տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- «Սասնա ծռեր» խմբին առնչվող իրավական գործընթացներին նվիրված  «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկմանն այսօր ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը:

 

Վերաքննիչ դատարանն օրերս մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքները: Խափանման միջոցը փոխվեց ու գրավի դիմաց ազատ արձակվեցին քաղաքական գործիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը: Վերջինի իրավունքների պաշտպան  Արա Կարագյոզյանը սա որակում է որպես քաղաքական որոշում և նշում, որ ակնկալում են քրեական գործի կարճում, քանի որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքներն իրականում  անհիմն են: Ըստ նրա, դա են վկայում ձեռքի տակ եղած տեսանյութերը, որտեղ Սանասարյանը ոչ թե անկարգություններ է հրահրում, այլ ընդհակառակը՝ փորձում է հանգստացնել մարդկանց:

Պաշտպանական կողմն առաջիկայում հանդես կգա միջնորդությամբ, մերժման դեպքում՝ կդիմի Եվրադատարան: «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի մերժման որոշումն առաջիկում կբողոքարկի խմբի անդամներ Պավել  Մանուկյանի, Արամ Մանուկյանի, Արմեն Լամբարյանի եւ Մխիթար Ավետիսյանի շահերը ներկայացնող Ինեսա Պետրոսյանը.

«Ակնհայտ է, որ Պավել Մանուկյանի՝ խոչընդոտելու կամ խուսափելու հիմք այստեղ գոյություն չունի: Ինչպես գիտեք, Պավել Մանուկյանը գտնվում է առողջական ծանր վիճակում, եւ նույնիսկ դատական նիստի նշանակման օրը՝ հինգշաբթի, նշանակված էր Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը, եւ դատական նիստի հետ կապված վիրահատությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը: Բացի այդ վիրահատությունից, Պավել Մանուկյանը պետք է ենթարկվի մի շարք այլ վիրահատությունների: Երեւի թե մեկ տարվա ընթացքում նա տեղաշարժվելու խնդիրներ կունենա, որովհետեւ ստացել է շատ ծանր վնասվածքներ»:

 

Ինեսա Պետրոսյանն իր մտահոգություններն է հայտնում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր  պաշտպանյալների առողջության վերաբերյալ: Այսօրվա տեսակցության ընթացքում նա պարզել է, որ տեղի է ունենում նրանց իրավունքների կոպիտ խախտում:

«Դատապարտյալների հիվանդանոց  ՔԿՀ-ում «Էրեբունի» բժշկական կենտրոնը դադարեցրել է 7 հիվանդներին բուժօգնություն ցուցաբերող բուժակների հերթապահությունը: Այնտեղ մենք ունենք լուրջ խնդիր: Փաստորեն, նրանք համարվում են այդ բժշկական կենտրոնի հիվանդները եւ անմիջական հսկողություն էր անհրաժեշտ, որովհետեւ իրենք գիտեն, թե ով ինչ վնասվածք ուներ: Այնտեղ դեռեւս կան անձինք, որոնք պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում, սակայն տեղափոխվեցին այդ հիվանդանոց: Միակ մեզ հույս տվող հանգամանքը այն էր, որ գոնե «Էրեբունիից» հերթապահություն կա: Այսօրվանից հերթապահությունը հանված է, այսօրվանից մենք ունենք լուրջ խնդիր նրանց առողջության հետ կապված, ինչը շատ մտահոգիչ է»:

«Հուլիսյան իրադարձությունների առնչությամբ ոստիկանության և իրավապահ մարմինների գործողությունները չեն ենթարկվում որևէ տրամաբանության: Տեղի է ունենում սելեկտիվ՝ ընտրովի արդարադատություն»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ոստիկանության ապօրինի գործողությունները հետաքննող Հատուկ քննչական ծառայության լուրջ ջանքերն, իրավապաշտպանի համար գոնե տեսանելի չեն։

Back to top button