Հասարակություն

ԿԳ նախարարը կարեւորել է դիմորդների կողմից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը

sonahakobyan
ԿԳ նախարարությունում անցկացվել է օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը: Նախարար Լևոն Մկրտչյանը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Ընդգծելով, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կոչված են ապահովելու  աշխատաշուկայի հետ բնակչության կապը՝ նախարարը նկատել է, որ դեռևս կան խնդիրներ, որոնք իրենց լուծմանն են սպասում: Լևոն Մկրտչյանը մասնավորապես կարևորել է գործատուների հետ կապերի ամրապնդումը, դիմորդների  կողմից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը: Դիմորդը պետք է գնա ոչ այնքան մոդայիկ, որքան աշխատաշուկայում պահանջված մասնագիտության ուղղությամբ:

 

Պետության զարգացման գործում մեծապես կարևորելով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունների դերը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նկատեց, որ ոլորտը չնայած զգալի առաջընթացին, այնուամենայնիվ որոշակի հղկման կարիք ունի: Ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, քոլեջները հաճախ դառնում են անցումային փուլ դեպի բուհ, մինչդեռ դրանք պետք է ապահովեն մասնագիտական այնպիսի որակ, որ ապահովեն նաև շրջանավարտի անմիջական կապը  աշխատաշուկայի հետ: Վերանայման կարիք ունեն նաև մասնագիտությունները: Կան դիմորդների կողմից մի քանի պահանջված մասնագիտություններ, որոնք սակայն այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում աշխատաշուկայում, նաեւ կան մասնագիտություններ, որոնք ընդհանրապես դիմորդներին չեն հետաքրքրում, թեև պահանջված են աշխատաշուկայում:

«Երբ նայում եմ մասնագիտությունների տեղաբաշխումը,  մենք շատ մեծ կարիք ունենք անասնաբուժների, գյուղատնտեսական ոլորտի: Եվ երվ տեսնում եմ, որ ավելի քան 1000 պետպատվեր գնում է հումանիտար ոլորտի դաշտ, տեսնում եմ, որ գյուղատնտեսության պետպատվերը մի քանի հարյուր է: Այսինքն նաև պետք է քարոզենք մեր ժողովրդին, որ եթե իր երեխան դառնա արհեստավոր կամ  օրինակ որակյալ անասնաբույժ, շատ ավելի լավ կպահի իր ընտանիքը, քան եթե գնա դիպլոմի հետևից , որը ոչ որակի, ոչ էլ ապագա կեցության վրա մեծ դեր չի ունենա»:

«Ռադիոլուրի» հարցին, թե ինչ մեխանիզմներ է գերատեսչությունը գործի դնելու տվյալ մասնագիտությունները քարոզելու ճանապարհին, նախարարը նշեց, որ նախևառաջ պետք է ամրապնդեն կապը աշխատաշուկայի հետ: Ի դեպ՝ մասնավոր հատվածի հետ բավականին ամուր կապեր ունի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը: Քոլեջի տնօրեն Վահագն Առաքելյանը նշեց, որ  պրակտիկան քոլեջի ուսանողները անցնում են հենց մարզային գործատուների մոտ, որոնք էլ թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում քոլեջի շրջանավարտին  են աշխատանքի ընդունում:

2016-17 ուսումնական տարվա ընդունելությունից գոհ է նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը: Միայն թե լավ կլիներ, որ ակտիվություն նկատվեր ոչ միայն 9-րդ դասարանի շրջանավարտների, այլև ավագ դպրոցի շրջանավարտների կողմից:

Իհարկե համակարգում քիչ չեն նաև խնդիրները, որոնց մասին Արթուր Վարդանյանը նախ չցանկացավ խոսել, ապա նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են մանկավարժների ցածր վարձատրությանը: Խնդրի մասին տեղյակ է նաև նախարարը և արդեն աշխատում է դրան լուծում տալու ուղղությամբ: Այսպիսով՝ որքան էլ հասարակությունը ձգտի բարձրագույն կրթության և բուհական դիպլոմների, ակնհայտ է նաև միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունների նկատմամբ դիմորդների հետաքրքրվածությունը, ինչի մասին էլ վկայում է դիմորդների տարեց տարի աճող թիվը:

Back to top button