տեղադրվել է ժամը 14։45- ին
լրացվել է ժամը 17։08- ին
Կառավարության ղեկավարի արդեն հաջորդ քայլը հանձարարականն էր՝ ուղղված ֆինանսների նախարարությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման համար ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը 18.255 եվրոյին համարժեք դրամ հատկացրեց: Որոշման այս նախագիծը գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ասելով,որ այդ գումարը վճարելու վերջնաժամկետ տրված է 2016 թվականի հոկտեմբերի 7-ը:
Որոշումը հաստատելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց գույքագրել, թե ՄԻԵԴ-ի վճիռներով որքան գումար է հատկացվել 2014, 2015 և 2016 թվականի 7 ամիսների ընթացքում: «Ու, ընդհանրապես, այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ: Հարկավոր է գույքագրել, ավելի մանրամասն հասկանալ այդ հարցը»:
Ի դեպ՝ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով մանրամասներ ներկայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Նախարարի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանում դեռ շարունակում են ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը։ «Ի կատարումն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ հանձնարարականի` պետք է նշել, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական(իրավապահ):…Ձեր հանձնարարականի դեպքում, պարո՛ն վարչապետ, մենք կարճ ժամանակ անց կամփոփենք մեր աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնենք հավասարաչափ գործուն մոդելներ»,- ասաց նախարարը։
Գործադիրն այսօր հավանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Այսինքն՝ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մշտապես բարձրաձայնել են, որ իրենք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Որոշումը արդեն նիստից հետո լրագրողներին մանրամասնեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Օրինակ` եթե քաղաքացիները կատալոգներ են ներմուծում, որի արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսավճարի համար, բացի այդ` նրանք ստիպված են կատարել մի շարք այլ վճարումներ, ներառյալ` մաքսային ներկայացուցչի կամ, այսպես կոչված, բրոքերի ծառայությունից օգտվելու համար, որոնք տատանվում են 10-15 հազարի սահմաններում»,- ասաց Մինասյանը:
Նախարարի խոսքով՝ առանձին դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում դիմել մաքսային բրոքերի ծառայությանը, մինչդեռ ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել, որ քաղաքացիները կամ տնտեսավարողներն ինքնահայտարարագրման եղանակով, առանց որևէ ծառայությունից օգտվելու իրականացնեն ներմուծում և արտահանում: Ըստ նախարարի՝ օրենքի փոփոխությունը էականորեն կթեթևացնի տնտեսվարողների և քաղաքացիների գործը: Նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում:
Մեկ այլ որոշման մասին էլ՝ այսուհետ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ կարող է փոխանցվել նաև ջերմային մշակում պահանջող սննդամթերք: Տվյալ սննդամթերքը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության ընթացքում: Այսպիսով` կվերացվի դատապարտյալների հետ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի սահմանափակման արգելքը: Ի դեպ, դատապարտյալների մոտ երկարատև տեսակցության եկած անձինք ևս հնարավորություն կստանան օգտագործելու իրենց կողմից բերված սննդամթերքը: