ԿարևորՔաղաքական

Նոր հանդիպման շուրջ բանակցություններ՝ Սարգսյանի եւ Ալիեւի հետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպման կազմակերպման համար։ Այդ մասին այսօր «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը: Մենք շարունակում ենք աշխատանքը նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ և կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- հայտարարել է Ուորլիքը:

«ՌԻԱ Նովոստի»- ի հետ զրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նաեւ հայտարարել է, որ ողջունում է Մոսկվայի` ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավորը դառնալու պատրաստակամությունը:

Նման պատրաստակամություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր օգոստոսի 10-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք ողջունում ենք  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին»,- ասել է Ուորլիքը:

Back to top button