Տնտեսական

Նորարար բանջարաբույծն ու նրա խաչասերած նոր ձմերուկը

satikisahakyan
Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում Հրաչյա Գինոսյանը  բույսերի խաչասերումից ստացել է նոր տեսակի ձմերուկ, որի ծախսերն ավելի քիչ են, բերքատվությունն էլ՝ բարձր:  Այն երեք  անգամ ավելի բարձր բերք է տալիս, քան սովորական ձմերուկը, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն է: Ձմերուկի նոր տեսակը Հրաչյան ցանել է  2000 քառակուսի մետր հողատարածքի վրա և վստահ է, որ կստանա այնքան բերք, որքան 4000 քմ-ից:

 

Արտիմետ համայնքի բնակիչ Հրաչյա Գինոսյանին տեղացիները ճանաչում են, որպես բանջարաբուծության գիտակ-նորարարի և պրոֆեսոր են անվանում: Նախկին ազատամարտիկ, պահեստի փոխգնդապետ  Հրաչյա Գինոսյանը կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվում է բանջարաբուծությամբ: Հողի ու բույսի նկատմամբ ունեցած սերը ստիպել է ավելի մանրամասն ուսումնասիրել գյուղատնտեսական մշակաբույսերը, նորարարություն կիրառել՝ քիչ ծախսերով  բարձր բերք ստանալու համար:  Այս տարի  ստացել է նոր տեսակի ձմերուկ՝ դդմի և ձմերուկի խաչասերումից: Գործին օժանդակում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղից էլ գտնում է իր հարցի պատասխանները:

Վաղ գարնանը սկսել է տեսական գիտելիքները գործնականում կիրառել:

Վեգետացիայի ընթացքում նորարարը հետևում է նորաստեղծ բույսի աճին, էտում է ՝ չթողնելով դդմի զարգացմանը, որպեսզի հողից ստացած սնունդն անցնի հիմնական բույսին: Բույսի երկարությունը հասնում է մինչև 7 մետրի:  Այս նոր բուսատեսակի բերքատվությունն ավելի բարձր է, քան սովորական ձմերուկինը:

Դդմի և ձմերուկի խաչասերումից ստացված բույսի դիմացկունությունն ավելի բարձր է հիվանդությունների նկատմամբ, բացի այդ ավելի քիչ ջուր է պահանջում, քան սովորական ձմերուկը: Ավելի նպատակահարմար է կաթիլային եղանակով կազմակերպել ոռոգումը, բայց քանի դեռ չի անցել կաթիլային համակարգի, ոռոգում է 7-10 օրը մեկ անգամ:

Գինոսյանի նոր ստացված ձմերուկի վեգետացիան ավելի երկար է տևում, քանի որ դդմի հետ է խաչասերված, բերքահավաքը կկազմակերպի ավելի ուշ: Նորարարությամբ զբաղվող Հրաչյա Գինոսյանի հաջորդ փորձը լինելու է պղպեղի վրա, այն դեռ ուսումնասիրման փուլում է:

Back to top button