Մշակույթ

Քանդակագործության սիմպոզիումը Շուշիում որպես պատերազմի նկատմամբ խաղաղության հաղթանակ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Այսօր Շուշիում  բացվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության  չորրորդ միջազգային  սիմպոզիումը: Ավանդական դարձած միջոցառումը  հերթական անգամ համախմբել է աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած քանդակագործների, ովքեր 20 օր շարունակ շունչ ու ոգի են տալու արցախյան քարին: Կազմակերպիչները նշում են, որ սիմպոզիումը քայլ է Շուշիի՝ որպես միջազգային երկխոսության հարթակ ներկայանալու ճանապարհին:

 

Այսօր Սիմպոզիումի բացման  արարողությանը  բոլորը շեշտում էին, որ մի քանի ամիս առաջ  գաղափարն անիրականանալի էր թվում. ապրիլյան ագրեսիան  շատ ծրագրեր է հետաձգել, բայց այս մեկը կենսագործվում է որպես պատերազմի հանդեպ խաղաղության հաղթանակի խորհրդանիշ:

Հայաստանից, Լեհաստանից,  Չինաստանից, Միացյալ Նահանգներից ժամանած քանդակագործները արցախցի արվեստագետների հետ մինչեւ օգոստոսի 30-ը շունչ ու ոգի են տալու քարերին, որոնք այսօր արցախյան  առածանու գոհարներով են  ողջունել քանդակագործներին:

Քանդակագործ Միհրան Հակոբյանը  երկրորդ անգամ է մասնակցում սիմպոզիումին: Նրա նախորդ քանդակը հիմա Ստեփանակերտի պատկերասրահի մոտ է: Ինչ է քանդակելու այս անգամ՝ դեռ խորհում է:

Ստեղծված գործերը նվեր են մնալու Շուշին եւ քաղաքի ազատագրման 25-ամյակին զարդարելու են դրա փողոցները: Իսկ այսօր Շուշիի կերպարվեստի թանգարանը նոր ցուցանմուշով հարստացավ: Չին քանդակագործ  Մանջուն Գաոն իր գործերից մեկը նվիրեց թանգարանին:

Քանդակագործության չորրորդ միջազգային սիմպոզիումն առանձնանում է նաեւ նրանով, որ այս անգամ մասնակիցների հիմնական մասը երիտասարդներ են:

Արդեն հետկեսօրին   թանգարանի քանդակի պուրակում քանդակագործները սկսել են աշխատանքը:  Ամսվա ընթացքում նրանք արվեստասերների հետ  հանդիպումներ կունենան, կկազմակերպվեն  նաեւ վարպետաց դասեր: «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային չորրորդ սիմպոզիումի փակումը նախատեսված է օգոստոսի 30-ին:

Շուշեցի աշխարհահռչակ արվեստագետ   Հակոբ Գյուրջյանի հիշատակին   քանդակագործության միջազգային սիմպոզիումների Շուշիում անցկացվել են երեք անգամ:  Դրանց ընթացքում ստեղծվել է  42 քանդակ, որոնք տեղադրված են Շուշիի կերպարվեստի թանգարանի քանդակի պուրակում, Ստեփանակերտում եւ Շուշիի այլ վայրերում, Կաշենում:

Back to top button