ԿարևորՔաղաքական

Նախագահ Սարգսյանը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10­ին կարգադրություն է ստորագրել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը լուծարելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի օգոստոսի 25­-ի ՆԿ­ 139­ Ն կարգարդրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանի կարգադրության մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 18-րդ հոդվածը.

1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆԿ-139-Ն կարգադրությունը։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:

Back to top button