ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնում են երկկողմ հարաբերությունները

Այսօր Սանկտ Պետերբուրգի  Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Նշենք, որ սա Պուտին-Էրդողան առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24»  ռմբակոծիչը ոչնչացնելուց հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման գործում:

Այսօր աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կիզակետում Պուտին-Էրդողան հանդիպումն է: Հանդիպումը, որն ուղիղ հեռարձակվում էր Россия-24 հեռուստակայանով, տեղում լուսաբանում են ավելի քան 150 լրագրողներ աշխարհի տարբեր վայրերից։

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով ռուս- թուրքական հարաբերությունների մասին, հիշեցրել է, թե ինչ պատճառով  դրանք, ինչպես ինքն է բնութագրել, «դեգրադացվեցին».

«Նոյեմբեր ամսին տեղի ունեցած հայտնի դժբախտությունը, որի ժամանակ զոհվեցին մեր զինծառայողները, մեր հարաբերությունները դեգրադացվեցին: Այնուամենայնիվ, Ձեր այսօրվա այցը, չնայած ձեր երկրում տիրող ներքաղաքական լարված իրավիճակին, խոսում է նրա մասին, որ  բոլորս ուզում ենք  երկխոսությունը վերականգնվի, հարաբերությունները վերականգնվեն՝ հանուն Թուրքիայի եւ ՌԴ-ի ժողովուրդների շահերի»:

ՌԴ նախագահը նաեւ հիշեցրել է, որ ինքն առաջիններից էր, ով զանգահարել եւ  իր աջակցությունն է հայտնել Էրդողանին՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ Թուրքիայում հեղաշրջման փորձը թույլ չտալու կապակցությամբ:

«Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր սկզբունքային դիրքորոշման մասին. ՌԴ –ը դեմ է ցանկացած հակասահմանադրական գործողության: Հույս ունեմ, որ ձեր ղեկավարման շնորհիվ թուրք ժողովուրդը կհաղթահարի այս ճգնաժամը: Այսօր հնարավորություն կունենանք քննարկել մի շարք հարցեր՝ ինչպես  առեւտրատնտեսական հարաբերությունների վերականգնման, այնպես էլ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շուրջ»:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հանդիպում կազմակերպելու հնարավորության համար եւ ասել, որ այն նախատեսված էր անցկացնել «Մեծ 20- ի» գագաթաժողովի շրջանակներում, սակայն Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ստիպված են եղել փոփոխել ժամկետները:

«Հեղաշրջման փորձից հետո ձեր զանգը ոգեւորեց ինձ եւ թուրք ժողովրդին: Իսկ թե որքան դեմ է մեր ժողովուրդը հեղաշրջման նման փորձերին՝ երեւաց կիրակի օրը տեղի ունեցած ժողովրդավարության հանրահավաքի ժամանակ:  Այժմ հերթը մերն է, եւ պատրաստ ենք հետագա համագործակցության: Տարածաշրջանում քաղաքական տեսանկյունից շատ բան են ակնկալում մեզնից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ի դեպ, այսօր Hurriyet-ը հիշեցրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանը ռուսական Су-24 ռմբակոծիչի վրա թուրքական օդուժի հարձակման առնչությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում օգտագործել է ռուսերեն «կներեք»՝ «извините» բառը: Նշվում է, որ տվյալ ընտրությունը կայացվել է այն պատճառով, որ ռուսերեն «կներեք» բառը ներողություն խնդրելու ավելի ուժեղ ձև է, քան «ցավում ենք»-ը:

Back to top button