Ղարաբաղյան հակամարտությունը ժառանգություն է մնացել խորհրդային անցյալից՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Բաքվում իր պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։
«Գիտեմ, թե որքան սուր հարց է այն Ադրբեջանի եւ Հայաստանի համար։ Մենք պետք է ձգտենք մի բանի, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը գտնեն այնպիսի որոշում, որը լինի փոխզիջումային, սակայն ընդունելի երկու կողմերի համար, որպեսզի չլինեն հաղթողներ, որպեսզի հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն զգան, որ նրանք լուծել են այս բարդ խնդիրը այսօրվա եւ ապագա սերունդների շահերից ելնելով»,- Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով ռուս- ադրբեջանական հարաբերություններին՝ Պուտինը համաձայնել է Ալիեւի այն տեսակետին, որ դրանք ռազմավարական գործակցության են վերածվել։ «Շատ կարեւոր է, որ մեր հարաբերությունները դիվերսիֆիկացված են։ նրանք զարգանում են բոլոր ուղղություններով»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանում աշխատում են 600 ռուսական ընկերություններ, իսկ ուղիղ ներդրումները հասնում են 1,4 մլրդ դոլարի։ Ռուսաստանի նախագահը հեռանկարային է համարում ոչ միայն էներգետիկ ծրագրերը, այլեւ նրանք, որոնք առնչվում են մեքենաշինությանն ու բարձր տեխնոլոգիաներին։ Նա կարեւոր է համարել նաեւ երկու երկրների համագործակցությունը Կասպից ծովում, այդ թվում նաեւ ռազմական համագործակցությունը։