Հասարակություն

Մեղր քամելու աշխատանքներն սկսվել են

satikisahakyan
Մեղվապահները  սկսել է մեղր քամելու աշխատանքները:  Նրանք ստանում են տարվա առաջին բերքը, այսինքն ՝ մեղր: Սա ընդունված խոսք է մեղվաբույծների շրջանում: Գեղարքունիքի  սարերում  կարելի է հանդիպել բազմաթիվ  փեթակներ: Մեկ փեթակից ստանում են մինչև 20 կգ բերք:

 

Մինչև առաջին բերք ստանալը մեղվապահները փեթակների հետ տարբեր աշխատանքներ են տանում: Տիրապետելով այս գիտությանը նրանք ամեն օր ուշի-ուշով հետևում են մեղվաընտանիքներին, մեղուների դրսևորած վարքագծին ու ըստ այդմ էլ կատարում համապատասխան աշխատանքներ՝ հիվանդություններից պաշտպանելու, բարձր որակի ու քանակի բերք ստանալու համար: Սարուխան և Գանձակ գյուղերի հարակից  բարձր լեռնային գոտիներում, որտեղ հասունանում են հացազգի մշակաբույսերը, կարելի է հանդիպել տարբեր մեղվապահների: Սարուխան գյուղից Վահան Գևորգյանը Գեղարքունիքի մարզի մեղվաբույծների միության նախագահն է, մոտ 100 փեթակ ունի: Նախորդ տարում մեկ փեթակից  ստացել էր միջինը 15 կգ մեղր: Լավ բերք ստանալու նպատակով փեթակները հաճախ են տեղից-տեղ փոխադրում:

Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր բերք են ակնկալում՝ մեկ փեթակից 20 կգ: Եղանակային պայմանները՝ միմյանց հաջորդող անձրևոտ օրերը խոչընդոտում են մեղուների աշխատանքը, իսկ փեթակում մնալն էլ իր վատ հետևանքն է ունենում:   Մեղվաբույծ Խորեն Բադալյանը նշեց, որ փեթակներում երկար մնալով մեղուները բռնկվում են ձագատվության տենդով, որի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում:

Ամռան կեսին մեղուների ձագատվության գործխընթացը կասեցնում է մեղրի արտադրությունը: Մեղվաբուծությամբ զբաղվողները գործին գիտական մոտեցում են ցուցաբերում: Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը գլխավոր բերքի ստացման ժամանակաշրջանն է:

Գեղարքունիքի մարզի ալպիական մարգագետիններից հավաքած նեկտարով  ստացված մեղրի մեկ կիլոգրամը մեղվապահները վաճառում են 3500-4000 դրամ:  Յուրաքանչյուր մեղվաբույծ մեղրի իրացման իր ճանապարհն ունի:

Back to top button