Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Նյու Յորքի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մանուկյանի:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Տեր Աբրահամը, ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին, անդրադարձել է համայն հայության կյանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջնային դերկատարությանը և, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, հավելել է, որ այս այցը բացառիկ նշանակություն ունի Ս. Նահատակաց եկեղեցու համայնքի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է բերել ուխտավորներին: Վեհափառը նշել է, որ հաճելի է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու սպասավորներն իրենց համայնքների անդամներին առաջնորդում Հայրենիք ու իրենց հավատքի կենտրոն Ս. Էջմիածին, որոնց կարոտով ու տեսիլքով, բայցև սիրո ու օրհնության ներքո ապրում են վերջիններս: Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձել է նաև այն գովարժան ծառայությանը և համագործակցությանը, որոնք առկա են հոգևոր սպասավորի ու համայնքի անդամների միջև:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, խոսելով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու դրանց միասնական կերպով հաղթահարման հրամայականի մասին, անդրադարձել է նաև արցախյան հիմնահարցին: Ընդգծելով, որ հաճախ երիտասարդ ու քաջարի հայորդիների կյանքի գնով է պահպանվում ազատությունն ու երկրի ապահովությունը` Վեհափառն աղոթել է, որ Աստծո օրհնության հովանու ներքո հայոց երկիրը մշտապես ապահով լինի, իսկ հայ ժողովուրդն էլ ապրի խաղաղության մեջ:
Այս առիթով Նորին Սրբությունը բարձրորեն գնահատել է նաև այն ազնիվ զորակցությունը, որը Սփյուռքի հայ համայնքների կողմից ցուցաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած հայորդիներին` փաստելով, որ միասնական ջանքերի արդյունքում միայն հնարավոր կդառնա դիմագրավել կյանքի բոլոր դժվարությունները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայապահպանության և ազգային ինքնության պահպանության, մատաղ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներին և դրանց լուծման կարևորությանը:
Վերստին իր սերն ու օրհնությունը բաշխելով ներկա ուխտավորներին` Նորին Սրբությունը հայցել է Երկնավորից, որ Ամենակալ Աստված զորեղ պահի ամենքի նվիրումն ու հավատքը, որպեսզի շեն ու պայծառ մնան Հայ Եկեղեցին ու հայոց կյանքը: