Հասարակություն

Հայաստանում թմրամոլությունը 10 տարում աճել է մոտ 30 անգամ

sonahakobyan

Եթե 10 տարի առաջ Հայաստանում հաշվառված էր ընդամենը 183 թմրամոլ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առողջապահության նախարարության տվյալներով արդեն իսկ 5828 հաշվառված թմրամոլ կա։ Թմրամիջոցներից կախվածությունն աճում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Կախվածություն  կարող է առաջացնել նաև խմիչքը, խաղերը և անգամ աշխատանքը: Առհասարակ «կախվածություն» երևույթին է այսօր անդրադարձել հոգեբան Աննա Բադալյանը: Նա նշել է, որ կախվածությունից ազատվելու գործում մեծ է հատկապես հոգեբանի դերը, քանի որ կախվածության հիմքում կարող են հոգեբանական շատ լուրջ պատճառներ լինել: Հոգեբանը հայտնել է, որ կախվածությունների թիրախում հիմնականում անչափահասներն են: Դա է պատճառը, որ երեխայի մեջ կանգ առնելու և կամքի ուժի դրսևորման հատկությունները պետք է զարգացնել դեռ մանուկ հասակից՝ ասում են հոգեբանները:

 

Փորձում են հաճույք ստանալու ակնկալիքով, արդյունքում` ընկնում կախվածության մեջ: Թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարն արդեն շուրջ 100 տարվա պատմություն ունի, սակայն, ինչպես նկատում է ՀՀ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը , մինչ այժմ խնդրին լուծում չի տրվել և տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրամիջոցների զոհ են դառնում:

Հայաստանում ևս արձանագրվում է թմրամոլների թվի աճ: Եթե անցյալ  տարի հաշվառված թմրամոլների թիվը Հայաստանում 5357-ն էր, ապա այս  տարվա հունվարի 1-ի դրությամբ առողջապահության նախարարության տվյալներով արդեն իսկ 5828 հաշվառված թմրամոլ կա, որից 88-ը կին են, 11-ն անչափահաս: Երևանից հետո ամենից շատ թմրամոլները հաշվառված են Արմավիրի, ապա Կոտայքի մարզերում: Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգի խոսքով՝ հիվանդությունների մեծ մասը քրոնիկ բնույթ է կրում, իսկ բուժումը նպաստում է ազատվել կախվածությունից: Կախվածությունից ազատվելու գործում մեծ է հատկապես հոգեբանի դերը, քանի որ կախվածության հիմքում կարող են հոգեբանական շատ լուրջ պատճառներ լինել՝ ասում է հոգեբան Աննա Բադալյանը՝ ընդգծելով, որ հաճախ մասնագիտական խորհրդատվության կարիք ունեն նաև տվյալ անձի հարազատները:

Եթե օրինակ թմրամոլները հիմնականում 30-45 տարիքային խմբում են, ապա այլ բնույթի կախվածությունների թիրախում անչափահասներն են՝ ասում է հոգեբանը: Դա է պատճառը, որ երեխայի մեջ կանգ առնելու և կամքի ուժի դրսևորման հատկությունները պետք է զարգացնել դեռ մանուկ հասակից:

Կախվածությունից բուժման և հետագայում դրանից զերծ մնալու գործում, ի դեպ, բավականին մեծ է հատկապես հասարակության դերը: Նման մարդկանցից հասարակությունը, որպես կանոն, խորշում է և առիթի դեպքում՝ քարկոծում, հետևաբար այստեղ կարևոր է նաև հասարակության հանդուրժողականությունը: Ի վերջո նույն հասարակության մոտեցումից չի բացառվում, որ տվյալ անձը դարձյալ նախկին վատ սովորություններին վերադառնա և դարձյալ կախվածության մեջ ընկնի: Կոնկրետ թմրամոլության պարագայում փորձը  ցույց է  տվել, որ բուժվածների 80 տոկոսը կրկին թմրամիջոց է սկսում օգտագործել։

Back to top button