Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրել Ղարաբաղյան խնդրի կարգավորման «պատրաստի դեղատոմսեր», Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի ցանկացած առաջարկություն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օգոստոսի 8- ին նախատեսված Բաքու իր այցից առաջ՝ ադրբեջանական պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ մենք ամենեւին չեն փորձում Ադրբեջանին եւ Հայաստանին պարտադրել պատրաստի դեղատոմսեր։ Կողմերի պետք է ինքները պայմանավորվեն, առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ։ Սա մեր հաստատուն դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ փոխզիջումը «նշանակում է գտնել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջեւ լավագույն հավասարակշռությունը։ Մոսկվան իրեն հաշիվ տալիս է, թե ինչպիսի պատասխանատվություն է դրված Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության ուսերին՝ ասել է Պուտինը։
«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որի դեպքում չեն լինի ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ, կլինեն փոխզիջումներ, որոնք ձեռնտու են ցանկացած կողմին, օգուտները պարզ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հասարակական կարծիքի համար։ Իր հերթին Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի կարգավորման այնպիսի տարբերակ, որը կբավարարի ներքաշված բոլոր կողմերին, մյուս միջնորդների հետ հանդես կգա կարգավորման երաշխավոր»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապում են պատմական խորը արմատները, ռազմավարական հարաբերությունները, աշխարհագրական մերձությունը։ «Դրա համար մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի հարեւան տարածաշրջան վերադառնա խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն մարդիկ զոհվել, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական կապեը։ Դրա համար անում ենք ամեն հնարավորը»,- շեշտել է Պուտինը։
Միաժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան չի փորձում մենաշնորհել ԼՂ խնդրի կարգավորումը։ «Երբեմն լսում ենք, որ Ռուսաստանը փորձում է մենաշնորհել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված աշխատանքը, մի կողմ հրել մյուս միջնորդներին։ Դա մոլորություն է։ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ղարաբաղյան թեմայով եռակողմ գագաթաժողովները, իսկ դրանք եղել են քսանից ավելի, օրգանապես լրացվում են այս հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահների, որոնք Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան են, ջանքերով»,- շեշտել է ՌԴ նախագահը։