Մշակույթ

Երիտասարդները գրական դաշտ մուտք գործելիս դժվարությունների չեն հանդիպում

sonahakobyan
Գրական դաշտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին են այսօր անդրադարձել գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և երիտասարդ արձակագիր Անի Մնացականյանը:  Խոսելով գրական դաշտ մուտք գործելիս երիտասարդ հեղինակներին հանդիպող  խոչընդոտների ու խնդիրների մասին՝ բանախոսները նկատել են, որ գոնե վերջին 10 տարիներին երիտասարդ ստեղծագործողները գրական դաշտ մուտք գործելիս դժվարությունների չեն հանդիպում: Այլ հարց է, թե որքանով են նրանք ճանաչում ստանում և ինչ հաջողություններ են ունենում հրատարակված գրքերը վաճառելիս:


Տարածված կարծիքը, թե գրական դաշտ մտնելիս երիտասարդ ստեղծագործողները մեծ դժվարությունների են հանդիպում և գրողների ավելի ավագ սերունդը երիտասարդների համար խոչընդոտներ է ստեղծում, իրականությանը չի համապատասխանում: Ավելին,  այն ,որ ավագ սերունդն ավելի խթանում է երիտասարդներին, իր սեփական օրինակով համոզվել է նաև երիտասարդ հեղինակ Անի Մնացականյանը: Թեև իր առաջին գիրքը՝ «Աստիճաններով դեպի սեր»,  հրատարակել է սեփական միջոցներով, կասկած անգամ չունի, որ գիրքը լույս կտեսներ նաև  պատկան կառույցներին դիմելու պարագայում ՝պետական միջոցներով:

Սեփական միջոցներով գիրք հրատարակելուն դեմ է հատկապես  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Պետք է ապավինել սեփական տաղանդին՝ ասում է:

«Վերջին տարիների փորձը ցույց է տվել, ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, չկա Հայաստանում որևէ տաղանդավոր երիտասարդ գրող, որը չունենա գիրք»:

Գրականագետը խնդիրն այլ տեղ է տեսնում: Երիտասարդ գրողները գոնե վերջին 10 տարիներին գրական դաշտ մտնելիս դժվարությունների չեն  հանդիպում, ինչը դրականից բացի նաև բացասական ազդեցություն ունի:

«Դժվարությունների ճհանդիպելով երիտասարդ գրողները, իհարկե ոչ բոլորը, մի փոքր ավելի շուտ են հղփանում: Եթե խորքային վերլուծություն անենք, կտեսնենք, որ մակարդակի առումով վերջին 1-2 տարիներին որոշակի անկում կա»:

Գրողները երբեմն շտապում են, ուզում են գիրք ունենալ, բայց գիրք տպագրելը չպետք է լինի ինքնանպատակ, հակառակ դեպքում՝ այդ գիրքը պարզապես չի վաճառվի: Լավագույն դեպքում հեղինակն այն կնվիրի հարազատներին և ծանոթներին, ինչը սխալ է՝ նկատեց գրաքննադատը: Արքմենիկ Նիկողոսյանը գիրք չգնելու փաստը բացատրում է նաև Հայաստանում առկա  սոցիալական վիճակով:

Back to top button