Հասարակություն

Փաստաբանները խոսում են իրավական խախտումների մասին

lenabadeyan

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ծավալված երկշաբաթյա գործողություններից ու «Սասնա ծռեր» խմբի հանձնվելուց հետո այժմ գործողությունները տեղափոխվել են իրավական դաշտ: «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են, կալանավորվել են նաեւ քաղաքական ակտիվիստները: Այսօր արդեն բոլորի փաստաբաններն առանց բացառության բարձրաձայնում են իրավական համակարգում թույլ տրվող խախտումների մասին:

 

Կալանավորված քաղաքական ակտիվիստների գործերը կառուցվում են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեղադրանքները՝ երեք բժիշկի ցուցմունքի հիման վրա: Սա ասում են փաստաբանները, նրանք  պատրաստվում են առաջիկայում բողոքարկել իրենց պաշտպանյալների կալանավորման որոշումները: Փաստաբանների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ներկայացված արհեստական մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ՝ բանասերները։

Այսօր փաստաբանները մատնանշում են բազմաթիվ խախտումներ իրավապահների կողմից, ակնկալում են միջազգային կառույցների միջամտությունն այս գործերին եւ զգուշացնում, որ ըստ իրավիճակների՝ էլի կունենանք Եվրոպական դատարան ուղարկվելիք գործեր: Այս պահի դրությամբ` կալանավորված անձանցից առողջական վատ վիճակում գտնվում են ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու «Սասնա ծռերից» Արմեն Բիլյանը: Հուլիսի 17-ից սկսած Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել մի քանի անգամ՝ ընդ որում՝ խոշտանգումների տարրերով՝ ասում է ակտիվիստի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Իսկ Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշում է՝  իր պաշտպանյալն ունի ողնաշարի խնդիրներ եւ երեկ դատական նիստին մասնակցել է ցավազրկողների ազդեցությամբ:

«Սասնա ծռերից» Արմեն Բիլյանին առաջադրված մեղադրանքը փաստաբանը որակում է խիստ պատիժ ենթադրողներից մեկը: Բիլյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ պահելն ու կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք զինամթերքի օգտագործումը: Փաստաբան Արմինե Ֆանյանի ներկայացմամբ՝ այստեղ աշխատելու հնարավորություն կա: «Երկու հոդվածներն էլ ունեն խրախուսական նորմեր: Օրինակ, եթե պատանդ պահելուն է վերաբերում, ազատ է արձակում պատանդներին եւ հրաժարվում է պահանջներից, մյուս դեպքում զենքերն է կամովին հանձնում խրախուսական նորմը անվերապահորեն գործում է եւ անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքում այլ հանցակազմը բացակայում է»,- ասում է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում ներկայացված մեղադրանքներով եւ երեկ դատարանում նշել է, որ «ինքը պատանդ չի պահել»:

Վերադառնալով քաղաքական ակտիվիստների խնդիրներին՝ նշենք, որ Հովսեփ Խուրշուդյանի դեպքում ձերբակալման ժամանակ լուրջ խախտումներ են եղել՝ ասում է ակտիվիստի փաստաբան Սեդա Սաֆարյանը: «Հավսեփ Խուրշուդյանին ձերբակալել են Սարի թաղում ինչ որ մեկի բնակարանում: Չգիտես ինչու դրա մասին որեւէ ապացույց քննիչը չի ցանկացել ձեռք բերել: Ոստիկանության աշխատողները չեն լսել տանտիրոջ զայրույթը այդ կապակցությամբ, որ իրավունք չունեն իր բնակարան ներխուժել, այնտեղից մարդկանց տանել եւ այլն, եւ այլն»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը` զանգվածային անկարգությունների կազմակերպում,  ակնհայտ ապօրինի է, քանի որ կան տեսանյութեր՝ իր հերթին պնդում է քաղաքական գործչի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: «Տեսանյութերում միանշանակ հիմնավորվում է, որ առաջինը՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, դա ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա եւ ծեծի ենթարկել: Եվ Արմեն Մարտիրոսյանն էլ տեսանյութերում միանշանակ միջոցներ է ձեռնարկում, բանակցում է ոստիկանության հետ, որ բախումներ չլինեն»,- ասում է։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ոչ թե անդրադառնում է իր պաշտպանյալի խնդրին, այլ հարցը դիտարկեց ավելի ընդհանրական: «Իրավաբանությունից արդեն վաղուց դուրս են եկել մեղադրանքները: Այսպես չի կարելի: Չի կարելի այսքան շատ, այսքան անհիմն, այսքան անհեթեթ մեղադրանքներով անձանց ազատությունները սահմանափակել եւ անձանց դարձնել քաղբանտարկյալներ»։

Ի դեպ՝ «Սասնա ծռերի» անդամներն իրենց հայտարարել են «ռազմագերի», ինչը իրավական ձեւակերպում չէ մեկ երկրի օրենքների սահմաններում։

Back to top button