Հասարակություն

Իսրայելում առաջարկում են ստորագրահավաք կազմակերպել Հայոց ցեղասպանության հարցը Քնեսետի օրակարգում ներառելու համար

Իսրայելի խորհրդարանի` Քնեսետի որոշ պատգամավորներ առաջարկել են ստորագրահավաք կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը` անդրադառնալով օգոստոսի 1-ին Քնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահի խոսքերը, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կշիռ հաղորդեցին գործընթացին և, կարծես, մարտահրավեր եղավ լիագումար նիստին: Ընդգծվեց, որ չի կարելի այդպես շարունակել, ու հարցն անընդհատ ձգձգել: Քնեսետի պատգամավորների համար դժվարին իրավիճակ էր ստեղծվել: Նրանք քննարկում էին Քնեսետի կանոնակարգը, փորձում էին հասկանալ, թե ինչպես հարցն առաջ տանեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկաները հիմնականում դրական էին տրամադրված և ցանկանում են գործն առաջ տանել: Առաջարկ եղավ հարցը լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար ստորագրահավաք կազմակերպել»,-ասել է Հակոբ Սևանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանը ներկա էր ԱԳՆ ներկայացուցիչը, և պարզ դարձավ, որ այդ կառույցի տեսակետում ոչ մի փոփոխություն չկա: «Ինչպես հուլիսի 7-ի ելույթներից երևաց, կարծես, ԱԳՆ-ում հակված չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, չնայած, պատգամավորների շրջանում ընդհանուր առմամբ հայկական հարցի վերաբերյալ դրական տրամադրվածություն կա: Եվ եթե թույլ տրվի, որ նրանք ազատ քվեարկեն, ապա հաջողություն կլինի»,-ասել է Հակոբ Սևանը:

Նա տեղեկացրել է, որ 10 օրից խորհրդարանն արձակուրդ է գնում: Այն աշխատանքը կսկսի երկու ամիս անց: Իսրայելի խորհրդարանի` Քնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին։

Back to top button