Հասարակություն

ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում ապահովել քաղաքացիական անհնազանդությունները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը

ԶԼՄ-ների  ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար և նշել, որ իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի  կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:
Համաձայն հրապարակումների՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը և այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի և վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:
Հարձակման ենթարկվածների շարքում են.
• «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը,
• «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը և օպերատոր Դավիթ Հարությունյանը,
• Ազատության թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը,
• «Ա1+»-ի հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը,
• Lragir.am լրատվական կայքէջի օպերատոր Մարութ Վանյանը,
• CivilNet-ի լրագրողներ Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը,
• Panorama.am-ի թղթակից Հովիկ Գրիգորյանը,
• Life.ru-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը:
Միյատովիչը նամակում նաև նշել է Երևանում մի քանի օրեր և շաբաթներ առաջ լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումների վերաբերյալ հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարության մասին: Հարձակման ենթարկվածների թվում են.
• iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը,
• Ազատության թղթակից Արտակ Համբարձումյանը,
• 4news.am-ի թղթակից Արթուր Հայրապետյանը,
• lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը:

«ԶԼՄ-ների  ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետություններում լրատվական դաշտի զարգացումներին: Նա ապահովում է վաղ ազդարարում խոսքի  և մամուլի ազատության ոտնահարումների վերաբերյալ և խթանում է ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button