Հասարակություն

ՍԱՊԾ. SAS-ում վաճառվող աղցանների և պանրի մեջ մանրէներ կան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Ստուգումների շրջանակում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 21-ի արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, հուլիսի 1-ի արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, հուլիսի 21-ի արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, հուլիսի 22-ի արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ կասեցվել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը: Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016-ի օգոստոսի 15-ը:

Հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն կիրականացվի նաև խախտումներ ունեցող՝ չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:

Ծառայությունը հայտնաբերել է նաև մակնշման խախտումներ, մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների և կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում:

Back to top button