Հասարակություն

ԼՂՀ ՄԻ պաշտպանը դիմել է ՀՀ իր գործընկերոջը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը  դիմել է ՀՀ գործընկերոջը՝ հուլիսի 29-ին մասնագիտական պարտականություններ կատարելիս բռնության ենթարկված  ԼՂՀ քաղաքացու՝ լրագրող Մարութ Վանյանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու հարցով:

 

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւել եւ հետեւում է ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի օպերատիվությունը Ռուբեն Մելիքյանը օրինակելի է գնահատել: Հուլիսի 29-ի իրադարձությունները Ռուբեն Մելիքյանը անընդունելի, եւ անհամարժեք որակելով, ասաց, որ իր աշխատակազմի օժանդակությունն էր առաջարկել ՀՀ գործընկերոջը: Արցախցի մասնագետների կարիքը Երեւանում չզգացվեց, բայց ԼՂՀ ՄԻՊ-ը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ այդ իրադարձությունների ընթացքում տուժած ԼՂՀ քաղաքացու՝ լրագրող Մարութ Վանյանի համար նրա աջակցությունը խնդրելով:

Մարութ Վանյանը մասնագիտական գործունեություն էր իրականցնում՝ լուսաբանելով ՊՊԾ գնդի տարածքում ընթացքով հավաքը, եւ այդ ընթացքում ծեծվել է ու հայտվել հիվանդանոցում: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ հետեւելու է տվյալ գործի ընթացքին:

Հարցը առիթ էր, որ Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՄԻՊ հանդիպման ընթացքում քննարկման նյութ դառնա  Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների հարցը՝ հատկապես հանրային հարթակում:  Խոսվեց խնդիրներից, տեղեկատվության պակասից, բացասական զարգացումները բացառելու հարցում քաղաքացիական հասարակության ունեցած հնարավորություններից: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ եւ ԼՂՀ Մարդու իրավունքների գրասենյակների աջակցությամբ ՀՀ եւ Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ֆորում հրավիրել:

Նշեմ, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստեր հավաքել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ: Ռուբեն Մելիքյանը այցելել է վերջին օրերին շփման գծում վիրավորված պաշտպանության բանակի զինծառայողներից մեկին, երկրորդին կայցելի, երբ բժիշկների թույլտվությունը լինի: Փաստահավաք առաքելություն իրականացնելով՝ պաշտպանը պարզել է, որ կրակոցները, որոնց արդյունքում վիրավորվել է զինվորը հնչել են հենց ադրբեջանական դիրքերից:

Ռուբեն Մելիքյանը հավաստիացրեց, որ շարունակելու է ապրիլյան ագրեսիայից հետո սկսված ուսումնասիրությունները եւ դրանց արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու եւ տեղեկացնելու է իր արտասահմանյան գործընկերներին:

Back to top button