Հասարակություն

ԱԱԾ- ն խախտել է անմեղության կանխավարկածը՝ ասում են փաստաբանները

lenabadeyan

Դեռեւս հայտնի չէ, թե երեկ զենքերը վայր դրած եւ հանձնված «Սասնա ծռեր» խմբի անդամներից քանիսը փաստաբան  ունեն, քանիսը՝ ոչ: Նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որոնք պատրաստ են աշխատել անվճար: Ի դեպ՝ գործով աշխատող փաստաբաններն արդեն հայտարարում են իրավական սկզբունքների խախտումների մասին՝ լինի դա որակումներ, մինչեւ տարագրության միջոցով խոստովանական ցուցմունքներ անող անձանց փաստաբանով չապահովելը:   

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խախտել է իրավական կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը՝ տարածած հաղորդագրության մեջ «Սասնա ծռեր» խմբի հանձնված անդամներին որակելով «ահաբեկիչ»: Սա պնդում են խմբավորման անդամների փաստաբանները, մասնավորապես՝ Պավել եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը եւ Արայիկ Խանդոյանի, Հովհաննես Հարությունյանի ու Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

ԱԱԾ երեկ տարածած հաղորդագրությունից հետո փաստաբանը չի բացառում, որ խմբի հանձնված անդամներին առաջադրվի նոր մեղադրանք՝ ՔՕ 217 -րդ  հոդվածի հատկանիշներով: Տեղեկացնենք, որ հոդվածը վերաբերում է հենց ահաբեկչությանը: Այս դեպքում, սակայն, վերապահումներ ունի խմբի անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նա մեջբերում է 219 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի «իր պահանջներից հրաժարված եւ զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:

Մինչ այս պահը խմբի անդամների հանդեպ մեղադրանք էր առաջադրվում ՔՕ-ի երկու հոդվածով՝ շենքեր, շինություններ զավթելը եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում, մյուս դեպքում՝ 3-8:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը առաջիկա քայլերի մասին ասում է հետեւյալը: «Մենք կբողոքարկենք խափանման միջոցները՝ կալանքի որոշումները վերքննիչ քրեական դատարանում: Ասեմ, որ լուրջ սպասելիքներ, բնականաբար, չունենք, սակայն, պետք է նշեմ, որ դատարանի որոշումները գնահատում ենք ոչ օրինական, քանի որ դատարանն իր որոշումների պատճառաբանական մասում նշում է, որ նրանք կարող են խուսափեն կամ խոչընդոտեն նախաքննությանը կամ  փախուստի դիմեն, ինչը ակնհայտ անտրամաբանական է: Երեկ Պավել Մանուկյանին շտապօգնության մեքենայով եւ պատգարակով տեղափոխեցին դատարան եւ փակ դատական նիստին մասնակցում էին 2-3 բժիշկ: Նման պայմաններում խոսել այն մասին, որ նա կարող է խուսափել, խոչընդոտել կամ փախուստի դիմել՝ աբսուրդ է»:

Փաստաբանները նշ ում են, որ թե Պավլիկ եւ Արամ Մանուկյանները, թե Հովհաննես Հարությունյանն ու Աշոտ Պետրոսյանը լրացուցիչ վիրահատությունների կարիք ունեն, հետեւաբար նրանց կրկին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա: Ի դեպ՝ Արայիկ Պապիկյանը նշում է, որ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» հրաժարվել է բուժօգնությունից, թեեւ ոտքի վիրավորում ունի: Փաստաբանի փոխանցմամբ՝ ազատամարտիկը նշել է, որ «թուրքը 19 անգամ խփել է իրեն եւ ոչինչ չի եղել, այս անգամ էլ ոչինչ չի լինի»:

Փաստաբաններն այսօր փոխանցեցին իրենց պաշտպանյալների՝ ժողովրդին ուղղված խոսքերը։ «Միայնակ գայլը» փոխանցել է, որ «շատ է սիրում իր հայրենիքն ու հայ ժողովրդին», իսկ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը՝ հայտարարելով, որ եթե իր ժողովրդի արյունը թափվել է՝ շարունակելու է իր պայքարն այդ կերպ:

Պաշտպանյալների հետ առանձնազրույցներից այլ մանրամասներ փաստաբանները չեն փոխանցում: Նրանք վերապահումով են մոտենում նաեւ խմբավորման այն անձանց ինքնախոստովանական ցուցմունքներին եւ արդարացումներին, որոնք տեսագրության տեսքով ներկայացրել է ոստիկանությունը: Առաջինը, որ նշում են, մեծ հարցական է, որ այդ երիտասարդներն այդ ցուցմունքների ժամանակ ունեցել են փաստաբաններ:

Ի դեպ, դեռեւս փաստաբան չունի նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը, ով առողջական ամենածանր վիճակում է գտնվում՝ ասում է Ինեսա Պետրոսյանը: «Ինքը շատ վիրավորումներ ունի, հեռացրել են երիկամը, աղիքն է կողքից հանված, աղիքն է կարճացված։ Մի խոսքով՝ նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, շարունակում է գտնվել «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Այդքանը կարող եմ ասել, ոչ ավելի: Ինչպիսի դատավարական կարգավիճակ ունի եւ ինչ գործողություններ են կատարվել չեմ կարող ասել, որովհետեւ իմ տեղեկություններով պաշտպան էլ չունի»։

Հիշեցնենք, Թաթուլ Թամրազյանը խմբի այն անդամն է, ով վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը:

Back to top button