ԿարևորՔաղաքական

ՀԽ. Իշխանությունները և հասարակությունը պետք է լրջորեն մտորեն վերջին օրերին ծավալված իրադարձությունների մասին

Հանրային խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեց խուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի և ենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք սպանությունների անաչառ հետաքննություն և գործի ամբողջական բացահայտում:

Դատապարտելով զենքի ուժով հարցեր բարձրացնելու և փոփոխություններ պահանջելու ճանապարհը` միաժամանակ գտնում ենք, որ բոլորս պարտավոր ենք հաշվի նստել այդ իրողության հետ, քանի որ դա արտացոլում է մեր երկրում առկա խորքային լուրջ խնդիրները:

Դատապարտում ենք նաև հուլիսի 29-ին ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության առանձին ծառայողների և կասկածելի քաղաքացիական անձանց կողմից կիրառված անհամաչափ ուժը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերն ու ձերբակալությունները, որոնք լրջորեն հարված հասցրեցին մեր երկրի ժողովրդավարական արժեքներին ու միջազգային հեղինակությանը: Գտնում ենք, որ իշխանությունները պետք է հետամուտ լինեն և բացահայտեն տեղի ունեցածը` մեղավորներին պատժելով օրենքի ողջ խստությամբ:

Միաժամանակ դատապարտում ենք մի խումբ անձանց արկածախնդիր որոշումները, որոնց սադրիչ գործողությունների հետևանքով ցույցի մասնակիցները հայտնվեցին վտանգավոր ու անկանխատեսելի իրավիճակում:

Կարծում ենք, որ և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը պետք է լրջորեն մտորեն վերջին օրերին ծավալված իրադարձությունների մասին: Ակնկալում ենք, որ իշխանությունները հետևություններ կանեն, հանգամանորեն կվերլուծեն տեղի ունեցածը, համարժեք գնահատականներ կտան և համապատասխան քայլեր կձեռնարկեն` մեր երկրի առջև դնելով որակապես նոր պետություն ունենալու տեսլական և սկսելով լուրջ բարեփոխումներ երկրի ներսում:

Ինչպես շեշտել էինք ս.թ. հուլիսի 19-ին կայացած ՀԽ արտահերթ նիստում, իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Իշխանությունները պետք է հնարավորինս բաց և թափանցիկ ձևով հասարակության հետ քննարկեն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված քայլերն ու հեռանկարները` ապահովելով երկխոսության լայն հարթակ և հասարակության համար չթողնելով մութ կետեր ու կասկածներ:

Դրական ենք գնահատում զինյալ խմբի գործողությունների նկատմամբ իշխանությունների զսպվածությունը, որը կանխեց խնդրի հանգուցալուծման առավել ծայրահեղ հետևանքները:

Դրական ենք համարում նաև զինյալ խմբի որոշումը` վայր դնել զենքը հետագա առճակատումից խուսափելու համար: Միաժամանակ, հորդորում ենք խմբավորման աջակիցներին իրենց պայքարը տեղափոխել առավել քաղաքակիրթ դաշտ` համախմբվելով գաղափարական և հստակ տեսլական ունեցող ծրագրային պայքարի շուրջ:

Հաշվի առնելով զինյալ խմբի անդամների կողմից առանց արյունահեղության հանձնվելը` պատկան մարմիններին կոչ ենք անում հնարավորինս մեղմ գտնվել պատժի սահմանման գործում` առանձին քննելով տեղի ունեցած սպանություներն ու մեղավորների նկատմամբ համապատասխան պատժի սահմանումը»,- ասծված է հայտարարության մեջ:

Back to top button