Հասարակություն

Պետք է սեփական քննություն անցկացնել.Հակոբ Ավետիքյան

lenabadeyan
Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում լրջորեն  տուժել են մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, վնասվել է նաեւ տեխնիկա: Ականատեսները պնդում են, որ դեպքերի ժամանակ քաղաքացիական հագուստով հարձակվողները լրագրողների ձեռքին տեսնելով նկարահանող սարքեր ուղիղ տեքստով ասում էին, թե «այսքանը տեսնելով չհասկացար, որ նկարել պետք չէ»: Կան լրագրողներ, ովքեր մինչ այս պահը դեռեւս դուրս չեն գրվել հիվանդանոցներից: Լրագրողների վրա հարձակումը եղել է ուղղորդված եւ մտածված՝ այսօր պնդում են շատերը եւ ուղիներ որոշում արդարություն հաստատելու համար:

 

Դեռեւս անցյալ տարվա՝ «Էլեկտրիկ Երեւան» շարժման ընթացքում գործադրված բռնությունների հարցերի պատասխանները չստանալով՝ լրագրողական դաշտը կրկին ենթարկվեց կոշտ հարձակման: Ով էր գործում Սարի թաղում եւ ով էր քաղաքացիական հագուստով հրոսակներին հրամաններ տալիս՝ սա հարցերից ընդամենը մի քանիսն են: Լրագրողական հանրությունը համոզված է՝ հուլիսի 29-ին թիրախավորված են եղել հենց իրենք: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշում է, որ կայքի վիդեոբաժնի երկու աշխատակիցը երկու ժամ պատսպարվել են տեղի բնակիչներից մեկի տանը: Զարմանալի է, որ գլխավոր խմբագրի ահազանգին ի պատասխան՝ իրավապահները հրաժարվել են ապահովել լրագրողների անվտանգությունը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այս պահին միախմբվելու անհրաժեշտություն է տեսնում: Միախմբվելու հանուն անհետեւանք հայտարարությունների, անարդյունավետ իրավական քննության, թե որեւէ այլ քայլ անելու համար՝ «Ռադիոլուրի» ճշտող հարցին Հակոբ Ավետիյքնաը նշեց.

«Կարծում եմ, որ այս անգամ, ճիշտ եք ասում, չպետք է բավարարվենք  հայտարարությույններով: Պետք է մենք մեր սեփական քննությունն անցկացնենք եւ հետաքննության արդյունքում անուն-ազգանուն, հասցե նույնիսկ պետք է հրապարակվի այն մարդկանց, ովքեր գործունեություն են ծավալել մեր դեմ: Եվ հետամուտ լինել մինչեւ վերջ: Եթե կարիք լինի նույնիսկ դիմել բողոքի ակցիաների: Օրինակ՝  մեկ անգամ մեկ օրով գործադուլ: Սա շատ էֆեկտիվ է: Մանավանդ, երբ մեր իշխանությունները շատ զգայուն են, որևպեսզի դրսից դիտողները, դեսպանատները, դիվանագետները, համապատասխան միջազգային կազմակերպությունները իրենց զեկույւցներում թերություններ չարձանագրեն այս հարցում: Ուրեմն օգտվենք դրանից»:

Խոշոր հաշվով երկու թերթի խմբագիրն էլ համոզված են՝ լրագրողներին այսօր Հայաստանում ոչ մեկը չի սիրում եւ դա լավ մշակված ու երկար տարիներ կիրառվող քաղաքականության հետեւանքն է: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրն ավելի քան համոզված է՝ մտածված փչացրել են դաշտը՝ ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ հավաստի հազարավոր լրատվամիջոցներ եւ կայքեր բացելով: Արդյունքը, որ պետք է ստանային, վարկաբեկումն էր՝ արժեզրկված երեք իշխանությունների կողքին նույնքան արժեզրկված եւ անկշիռ չորրորդ իշխանություն ունենալու համար: Այժմ արդեն հերթը թերեւս լրագրողական հանրությանն է՝  որոշելու գործնական անելիքները՝ ապագա կարգավիճակը հստակեցնելու համար:

Back to top button