Հասարակություն

Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա

satikisahakyan
Սեռասպանություն, որը սպառնում է մեր երկրին և ապագային, ասված է  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Հայաստանի չծնվող մայրերը» աշխատությունում: Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում: Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմամբ պայմանավորված տղաների թիվը  գերազանցում է աղջիկներին՝ 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա: Մեկ տարվա իրազեկման աշխատանքների շնորհիվ թվի դրական տեղաշարժ կա:

 

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները տարիներ հետո լուրջ ազդեղություն կարող են  ունենալ մեր երկրի ժողովրդագրության վրա:  Միջին վիճակագրական տվյալներով 100 աղջկա հաշվով 105 տղա է ծնվում: Սակայն  Հայաստանում  արդեն երկար տարիներ  պատկերը փոխվել է 100 աղջկա դիմաց ծնվում է 114-115 տղա:  Տղա երեխայի նախապատվությունը հայկական ընտանիքներում առաջին հերթին պայմանավորված է ժառանգության գործոնով, քանի որ, ըստ  մեր տրամաբանության, տղան հիմնականում տոհմի շարունակողն ու ծողների հենարանն է:  Ցածր ծնելիության ու պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանը երեք-չորս  տասնամյակ անց կկանգնի մայր ունենալու խնդրի առջև: Խնդիրն ուսումնասիրել ու առաջիններից մեկը բարձրացրել է հայ Առաքելական եկեղեցին: Տավուշի թեմի  առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դեռ 2013 թվակաինին Կանադայում ուսումնառության տարիներին «Հայաստանի չծնվող մայրերը» աշխատության մեջ  անդրադարձել է այս խնդրին:

«Ծնողները ոչ միայն սեռային նկատառումներով  և տղա երեխա չունենալու պատճառով են որոշում երրորդ երեխան ունենալ, այլև հիմնականում հրաժարվում են «ոչ ցանկալի» աղջիկ երեխա ունենալուց: Այս ընթացքով 2020 թվականից սկսյալ չափահասների շրջանում զգալիորեն կգարակշռի տղամարդկանց թիվը»,- ասված է աշխատությունում: «Վատ երևույթ է, որ մարդիկ սեռի պատճառով կարող են ուրիշի կյանքը ընդհատել: Այո, դա ուրիշի կյանք է, որքան էլ, որ իրենք են կյանք տվողները: Դա Աստծո պարգևն է, ընծան», -ասաց սրբազանը:

Հայ Առաքելական եկեղեցին հովվական ծառայության մեջ խրախուսում է զավակի ծնունդը՝ անկախ սեռից: Նորապսկաներին օրհնելիս՝ նույնն են մաղթում: Սակայն ընտանիքներում երեխաների թիվը չի գերազանցում երկուսը, մինչդեռ մինչև 1980-ական թվականները կինը ունենում էր մինչև 4-5 երեխա, իսկ համաշխարհային 2-րդ պատերազմից հետո մինչև 10-11 երեխա: Առողջապահության տեսանկյունից դիտարկելով, եթե  շատ երեխա ունենալը կնոջ մոտ կարող է առաջ բերել առողջական խնդիրներ, ապա նույնը կարելի է ասել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ, որը հետագա անպտղության պատճառ է դառնում: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ  հղիության արհեստական  ընդհատումը թույլատրելի է, եթե դա վտանգ է սպառնում կնոջ, մոր կյանքին:

Վիճակագրական տվյալների համաձայն 2015 թվականի հունվարի մեկի դրությամբ  Հայատանում  մինչև մեկ տարեկան երեխաների թիվը 43000 է, որից 22 հազար 900-ը տղա, 20 հազար 100 աղջիկ: Մարզերում պատկերը տարբեր է, պտղի սեռով պայմանավորված արհետական ընդհատումներն առավել սուր են արտահայտված Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզերում՝ 109 աղջկա դիմաց 124 տղա:

Այս  խնդրով զբաղվող հասարակական կառույցները իրազեկման լայն աշխատանքներ են տանում բնակչության շրջանում: Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար, պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի  ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վահան Ասատրյանը  համոզված է, որ առանց սոցիալական փոփոխության խնդիրը չի լուծվի. «Աղջիկը նույնպես ընտանիքի հայթայթողն է, ժառանգության, ծնողների ու երեխաների հոգսը կրողը: Երբևէ որևէ օրենք չի բերել սոցիալական փոփխության»:

Իրազեկման աշխատանքների շնորհիվ որոշակի  դրական փոփոխություն արդեն նկատվել է: Հատկապես փոփոխություններն ակնառու են 3-4 երեխայի դեպքում:

Բժշկուհի Արաքսյա Ավետիսյանը երկրորդ հղիությունից 8 տարի անց երրորդ երեխային է սպասում: Երկու աղջիկ ունի, երրոդի որոշումը ամուսնու հետ են կայացրել, սեռը որոշել է ավելի ուշ՝ տղա է ծնվելու: Հարցին, եթե տղա չլիներ կհրաժարվեր պտղից, պատասխանեց՝ չի հրաժարվի, բայց մարդկանց է ճանաչում, որ կգնային այդ քայլին:

Երիտասարդ մայրը մտահոգություն հայտնեց սոցիալական ծանր պայմաններում շատ երեխաներ ունենալու վերաբերյալ: Դեմ  է  պտղի արհեստական ընդհատմանը հատկապես երկրորդ երեխայի դեպքում, գտնելով, որ դա հետագա յում վերարտադրողական  բարդություններ կարող է ստեղծել մոր համար, իսկ երրորդ երեխայի հարցում կողմ է  ծնողի ընտրությանը:

Back to top button