Քաղաքական

Լ. Ալավերդյան. Խաղաղ ժամանակ ճգնաժամային մեթոդներով ղեկավարվելը վատ հետևանքներ է ունենում

annanazaryan

Երևանի Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով  մայրաքաղաքի հիվանդանոցներ  են տեղափոխվել տարբեր վնասվածքներով 73  քաղաքացիներ, որոնցից բուժումն այս պահին շարունակում է  26: Միջադեպի հետևանքով բերման ենթարկված 165 անձանցից  26 –ը ձերբակալվել են՝ ըստ ոստիկանության տեղեկատվության։

Քաղաքացիական հագուստով ամրակազմ անձինք հարձակում են գործել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչների վրա, կոտրել տեխնիկաի, բռնություն կիրառել են վնասվածքներ հասցրել լրագրողներին ու օպերատորներին: Հարձակումից տուժել են  «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, նաև  «Առաջին լրատվական»-ի լրագրողն ու օպերատորը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ գրել է. «ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,-  մեջբերման ավարտը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ

Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դատապարտեց կատարվածը՝ նշելով՝  խաղաղ ժամանակ ճգնաժամային մեթոդներով ղեկավարվելը վատ հետևանքներ է ունենում։

Ըստ ՄԻՊ տարածած հաղորդագրության՝ առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ: Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ:

«Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներից է ապահովել այդ իրավունքի իրացումը»,– ասվում է հաղորդագրությունում:

Back to top button