ԿարևորՔաղաքական

Վարչապետը հրաժարվեց ՀՊՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից (լրացված)

տեղադրվել է ժամը 11։59- ին
լրացվել է ժամը 17։16- ին

arminegevorgyan

 

Այսօր հայրենի կառավարությունը գումարել էր հերթական նիստը: Նիստի սկզբում ակնկալվում էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանդրադառնա «Սասնա ծռեր»  խմբավորման անդամների գործողություններին, բայց կառավարությունն սկսվեց սովորականի պես՝ օրակարգը հաստատելով։ Սակայն վարչապետն արեց մի հայտարարություն։ Ասաց, որ հրաժարվում է իր  պաշտոնից, բայց ոչ վարչապետի՝ այլ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի:  Պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածություն է:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ   խորհրդի առաջիկա նիստում  կրթության ու գիտության նախարարության հետ միասին քննարկելու են խորհրդի նախագահի ընտրության  հարցը: Օրակարգային առաջին հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղեկացրեց, որ 1000 դրամով բարձրացվում է   անապահով ընտանիքների նպաստի չափը՝ սուբսիդավորելու համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:

Վարչապետը  սակայն ցանկություն հայտնեց առավել մանրամասն բացատրել, թե ինչու են 1000 դրամով բարձրացնում նպաստի չափը: «Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝  2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ»։

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե: Նախագիծը ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն ասաց, որ, ըստ հայ–ռուսական համաձայնագրի, Հայաստանն ապրիլի 1-ից Ռուսաստանից գազ է ստանում 1000 խ/մ–ի դիմաց 150 դոլարով՝ նախկին 165 դոլարի փոխարեն, իսկ տարբերությունը երեք ամսվա ընթացքում կազմել է 3 մլն 744 հազար ԱՄՆ դոլար։

Կառավարությունն այսօր նաեւ որոշեց էլեկտրաէներգիայի շուկան ազատականացնելու քայլեր ձեռնարկել։ Մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվեց մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների  ծրագիր-ժամանակացույցը, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ մշակել։

Կառավարությունն այսօր նաեւ կառավարական 2- րդ ՝ նախկին արտգործնախարարության շենքը ձեռք բերած «Տանգո» ընկերությանը թույլ տվեց վեց ամսով երկարաձգել գումարի մնացած 12 մլն դոլարի  վճարման վերջնաժամկետը, ինչպես նաեւ նվազեցրել է վաճառքի գինը 418 հազար դոլարով։ Նման որոշման պատճառը գույքն ընկերությանը հանձնելու գործընթացի ձգձգումն է։ Նշենք, որ շենքը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը ձեռք է բերել 51 մլն դոլարով եւ մինչ օրս վճարել է 39,9 մլն դոլարը։

Կառավարությունն այսօր նաեւ պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:  Խոսքը  վերաբերում  է   Մատաղիսի հայտնի գործով անարդար դատապարտվածներին:

Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի կառուցվելիք հենապատը կունենա   150 մետր երկարություն, 2.4 մետր բարձրություն։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը  30 մլն դրամ հատկացրեց:  Եվ վերջում՝ լուր վարորդների համար:  2016 թվականի օգոստոսի 1-ից  Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի դեպի Նոյ թաղամաս տանող ճանապարհի  փողոցների խաչմերուկում  կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս    խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ՝  տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորելու համար:

Եվ արդեն ձևավորված ավանդույթի մասին: Կառավարություն նիստից հետո նախարարները ոչ թե դուրս են գալիս  կենտրոնական մուտքով , այլ հետնամուտքով՝ հավանաբար խուսափելով լրագրողների հարցերից: Այսօրն էլ բացառություն չէր:

Back to top button