Հասարակություն

Բժիշկների կոչը՝ «Սասնա ծռերին». Հիպոկրատի երդվյալների մտահոգությունները

aidaavetisyan
«Սասնա ծռեր» զինված  խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը հարուցել է ողջ հասարակության դժգոհությունը: Կատարվածին արձագանքեց միջազգային մամուլը,  իրենց որակումները տվեցին բժշկական հանրության ներկայացուցիչները՝ միաբերան դատապարտելով գործընկերների պատանդառումն ու պահանջելով շուտափույթ ազատում:

 

 

Արդեն  երեք օր է «Սասնա ծռեր» զինված խմբին բուժօգնության մեկնած  բժիշկները փակված  են պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:  4 հոգանոց  բրիգադից միայն մեկը՝ բուժակ Դավիթ Տոնոյանն է ազատ արձակվել: Բժշկական ոլորտի մասնագետների մեծամասնությունն այսօր դատապարտում է  արարքը: ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը տեղի ունեցածը որակեց այլանդակություն:  Բժիշկը գործողությունները նմանեցնում է ալերգիա հիվանդությանը, որը երկար տևել չի կարող և կունենա բարի ավարտ, քանի որ  դա հիվանդություն չէ:

«Ես կոչ եմ անում տղաներին  բաց թողնել այդ բժիշկներին և բժշկական օգնության դիմել  ճիշտ ճանապարհով, որպեսզի դա օգուտ լինի, այլ ոչ թե ձև: Բժիշկն իր գործունեությամբ պետք է զբաղվի իր  աշխատավայրում»:

Հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանն էլ իր հերթին նշեց, որ  դեպքի վայր մեկնած  բժիշկների միակ նպատակը եղել է բարիկադներից այն կողմ գտնվողներին մասնագիտական առաջին օգնություն ցուցաբերելը:

«Սա մի արտասովոր երևույթ է և ես կարծում եմ, որ  բժիշկները և, առհասարակ բուժաշխատողները, ինչպես ղարաբաղյան ազատագրական պայքարի  ընթացքում, այնպես էլ   ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միշտ եղել են  առողջության պահպանողները, միշտ եղել են  ժողովրդի կողքին: Եվ այսօր այդ երևույթը, որ տեղի է ունեցել, առաջ է բերում և՛ մտահոգություն, և՛ զարմանք: Ես դիմում եմ այդ տղաներին, որ անհապաղ բաց թողնեն բժիշկներին»:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն  Չարչյանն  էլ  մեջբերում է՝ բոլոր ժամանակներում աշխարհում բժշկի հանդեպ ոտնձգությունները  համարվել է ստոր գործողություն:

«Եվ այսօր ես ցավում եմ, որ դա տեսնում եմ իմ ազգի մոտ, իմ ժողովրդի կատարումով, քանի որ այդ տղաներն էլ հայ ժողովրդի զավակներն են»:

Բժշկական հանրությունն արարքը դատապարտում է և պահանջում է հնարավորինս շուտ գործընկերներին ազատ արձակել:

Back to top button