Գյուլենը Էրդողանի դեմ պայքարել է մեկդոլարանոցների վրա հմայական խոսքեր ասելո՞վ
Թուրքիայի վարչապետ Բինայլի Յըլդըրըմը The Guardian թերթին տված հարցազրույցում հասկացրել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ նախկին բարեկամական հարաբերությունների պահպանումը կախված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման որոշումից: Հիշեցնենք, որ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգնում: Պաշտոնական Թուրքիան ընդդիմադիր գործչին մեղադրում է ձախողված հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Թուրք քննիչները նաեւ ընդհանրություններ են գտել Գյուլենի եւ ամերիկյան մեկդոլարանոց թղթադրամների միջեւ։ Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, նշել է, թե Գյուլենի բոլոր կողմնակիցների մոտ հայտնաբերված մեկ դոլարանոց թղթադրամներն ունեցել են թաքնված իմաստ: Թուրք քննիչների վարկածներից մեկն այն է, որ թղթադրամի սերիական համարում տառերի եւ թվերի հաջորդականությունը ցույց է տալիս տվյալ մարդու դիրքը, «գյուլենական կազմակերպությունում»:
Այսպես օրինակ՝ F տառը վկայել է հիերարխիայում ամենաբարձր դիրքի մասին, ավելի ցածր աստիճան են ունեցել այն անձինք, ում մոտ եղած մեկ դոլարանոց թղթադրամներում եղել է J կամ C տառերը: Վարկածի համաձայն, հետապնդվող ընդդիմադիր քարոզիչը թղթադրամների վրա հմայական ինչ- ինչ խոսքեր է ասել, փչել է դրանց վրա, այնուհետեւ ուղարկել Թուրքիայում գտնվող կողմնակիցներին: