Հասարակություն

ԶԼՄ- ները հերթական փորձաշրջանից դուրս է գալու դասեր քաղելու անհրաժեշտությամբ

lusinevasilyan

Երևանում 10 օր շարունակվող  աննախադեպ իրադարձությունները փորձություն են ոչ միայն պետության ու հասարակության, այլ  նաև լրատվամիջոցների համար: Հերթական  փորձաշրջանից  ԶԼՄ-ները դուրս են գալիս ոչ ուժեղացած, ոչ  թուլացած, այլ իրավիճակից  դարձյալ  դասեր քաղելու անհրաժեշտությամբ՝ կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելքիյանը: Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ հասարակությանը հաջողվեց տեղյակ պահել թե ինչ  կատարվում Խորենացու  կենտրոնում, բայց նաև իրավիճակը հերթական անգամ ցույց տվեց, որ լրատվադաշտում լուրջ խնդիրներ կան:

 

Իրադարձությունների առաջին օրը խուճապի մեջ ու իրավիճակում կարծես թե  չկողմնորոշված,  հաջորդ օրերին որոշակիորն արտակարգ ռեժիմի մեջ մտած, լավ թե վատ, բայց իրադարձությունների օպերատիվ լուսաբանմամբ:  Լրատվամիջոցների աշխատանքը վերջին 10 օրերին այսպես է գնահատում  Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա կարծիքով ՝ իրավիճակը հերթական անգամ ցույց  տվեց առկա բացերն ու խնդիրները հատկապես հեռարձակող լրատվամիջոցների աշխատանքում:

Հեռուստաընկերությունների լուսաբանումը զգուշավոր էր, ըստ իրադարձությունների զարգացման՝  որոշակի ընդհանուր տոնայնություններով:

Օրինակ,   ՊՊԾ գնդի գրավման առաջին  արձագանքները իրադարձությունների մեկնարկին խիստ կոշտ որակումներով էին, հաջորդ օրերին որակումները  փոխվեցին, լրագրողական բառապաշարը մեղմվեց: Միտումը, ըստ Մելիքյանի, տեսանելի էր բոլոր հեռուստաընկերությունների լուսաբանումներում։ «Համենայն դեպս՝ առաջին երկու օրերին ակտիվորեն կիրառվող ահաբեկչություն բառը, ընդհանրապես լեքսիկոնը հաջորդ օրերին փոխվեց, մեղմացավ՝ ընդ որում զարմանալի օրինաչափությամբ բոլոր հեռուստաընկերույթուններում»:

Վերջին օրերին լուսաբանման տոնայնությունը նորից, ըստ փորձագետի, փոխվել է, գնահատականները կրկին ավելի կտրուկ են դարձել՝ պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ:  Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ իրավիճակն արտառոց է ոչ միայն իրադարձությունների սրությամբ, այլ նաև հանգամանքով, որ երկար ժամանակ իշխանությունը ձեռնպահ էր մնում մեկնաբանությունից, դրանով էլ իր հերթին դժվարացնում լրատվամիջոցների աշխատանքը: Ըստ էության՝ դեմ հանդիման զինված խումբն ու  իրավապահներն էին, հասարակությունը մնացել էր մի կողմում՝ նաև տեղեկատվություն ստանալու իր պահանջով:

Կայքերն ու էլեկտրոնային լրատվամիջոցներն իրենց մեծ բազմազանությամբ ավելի օպերատիվ էին ու ավելի շատ տեղեկատվություն տրամադրեցին, բայց այս դաշտում էլ մարտահրավերը հայտնի խնդիրներն են: «Իհարկե, այստեղ էլ կարող են մանիպուլյացիաների փորձեր կատարվեն, ասեկոսեներ լինեն, բայց հասկացող, մտածող ընթերցողը  կարող է ասեկոսեն տարբերել փաստից, լրատվությունը՝ պրոպագանդայից»:

Աշոտ Մելիքյանի   ամփոփմամբ՝ ընդհանուր առմամբ, հաջողվեց հասարակությանը տեղեկացնել , թե ինչ է տեղի ունեցել ու  տեղի ունենում Խորենացի փողոցում, բայց նաև հերթական անգամ լրատվամիջոցներին իրավիճակից դասեր քաղելու խնդրի առջև դրեց:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր նաև  ամփոփում էր տարվա երկրորդ  եռամսյակի արդյունքները: Այս ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունն այն է,որ  ընդդեմ լրատվամիջոցի ընդամենը 1 նոր դատական հայց է ներկայացվել: Վիրավորանքի և զրպարտության ապաքերականացմանը հաջորդած ժամանակահատվածի համար սա, ըստ Մելիքյանի, բացառիկ երևույթ է: Փոխարենը վերջին եռամսյակում գրանցվել են մի քանի աղմկահարույց դեպքեր, որոնց առնչությամբ քրեական գործեր են հարուցվել 2 լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ դրամաշորթության մեղադրանքով:

Back to top button