Հասարակություն

ՄԻՊ- ը անթույլատրել է համարում վիրավորների հետ ազգականների եւ փաստաբանների տեսակցությունն արգելելը

Այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկայացրել են բողոք, որ ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին։ Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում՝ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտոնատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը»:

Back to top button