Հասարակություն

54 մլն՝ ԵՄ- ից

annanazaryan

Այսօր մեկնարկել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020  թվականների ծրագիրը: Այն իրականացվում է Եվրոպական հարևանության և գործընկերության քաղաքականության շրջանակներում։ Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

 

ԵՄ կողմից 54 մլն եվրո 8 երկրների՝  անդրսահմանային համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Հունաստան, Ռումինիա. այս երկրների տարբեր կազմակերպությունների հանձնարարվում է կազմել ծրագրեր ու ներկայացնել առաջարկներ անդրսահմանային համագործակցությունը զարգացնելու նպատակով: Պոտենցիալ շահառու կազմակերպություններին  հանձնարարված է  պրոֆեսիոնալ ծրագրեր կազմել շատ գումար ստանալու համար:

Յուրաքանչյուր  ծրագրի համար   կհատկացվի  300 հազարից  մինչև 1.5 մլն եվրո:  2007- 2013 թվականների առաջին շրջափուլի արդյունքներից  Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ջոն Բարկերը գոհ է, սակայն հիասթափված է  առաջարկների սղությունից։ Ասաց՝ հույս ունի  երկրորդ շրջափուլի ընթացքում Հայաստանից շատ առաջարկներ կներկայացվեն: «Ծրագիրը  կօգնի տարբեր երկրների բնակչությանը հասկանալու, թե համագործակցության ինչ հնարավորություններ ունեն:  Ես շատ խանդավառված եմ ԵՄ այս նախաձեռնությունից: Առաջին փուլը լավն էր, սակայն հիասթափված եմ, որ առաջարկներ չկային: Նախկինի փորձը հուսով եմ կօգնի ավելի իմաստալից ծրագրեր  կազմել, ինչն էլ կորոշի Հայաստանին հատկացվելիք մասնաբաժնի չափը»,- ասում է Բարկերը։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ նշեց, որ առաջին շրջափուլից հետո երկար՝ մոտ 1.5-  2 տարի Եվրոպական հանձնաժողովի ու շահառու երկրների ներկայացուցիչների հետ հայկական կողմը քննարկել է  երկրորդ շրջափուլը գործարկելու հարցերը:  Ի դեպ՝ ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Ծրագրերը հնարավոր է ներկայացնել երեք երկրների համագործակցությամբ։ Հիմնական պատասխանատվությունը դրված է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության վրա:  Նախորդ փուլի ընթացքում Հայաստանից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ ՀԿ- ների առաջարկած 20 ծրագրեր էին հաղթել։ Երկրորդին կարող են մասնակցել նաև մարզային կառույցները:  Նպատակն է Սևծովյան ավազանի երկրներում հասնել ամուր տարածաշրջանային համագործակցության:  Այս շրջափուլն ունի երկու հիմնական նպատակ՝ համատեղ նպաստել տուրիզմի և մշակութային ոլորտներում բիզնեսի և ձեռներեցության զարգացմանը և  բարձրացնել  միջսահմանային առևտրի հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում։

Հայկական կողմը, ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի, ծրագիրը քննարկել է նաև ԵԱՏՄ շրջանակներում։ «Մենք հիմա արդեն յուրաքանչյուր  քննարկվող նորմ և պայմանավորվածություն համադրում ենք  Եվրասիական տնտեսական  միության շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունների հետ: Դա տեխնիկական  մասնագիտական առումով  աշխատանքները բավականին ծավալուն և խորքային է դարձնում, որը շատ դեպքերում ժամանակ պահանջող գործընթաց է»,- ասում է փոխնախարարը։

Մինչև տարեվերջ դեռ ևս երկու բանակցություն է նախատեսվում: Առևտրային բաժնին վերաբերող ոչ բոլոր դրույթներն են ներկայացվել:

Back to top button