Ռուսաստանը մեղադրում է Արեւմուտքին Հայաստանում իրադրությունը «հրահրելու» մեջ
Եվրամիության դիվանագետներն սիրաշահում են Հայաստանում իրադրությունը «սրող» ուժերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսպես է մեկնաբանել Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությունը:
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մենք գնահատական տվեցինք Երեւանում ծավալվող ողբերգական իրադարձությանը: Ուշադրություն դարձրեցինք այդ առիթով Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հայտարարությանը, որը համաձայնեցվել է երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ»,- ասված է նախարարության հայտարարությունում:
«Զարմանալիորեն այդ փաստաթղթում տեղ չեն գտել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանվելու, պատանդներ վերցնելու հստակ եւ ուղղակի դատապարտումներ: Փոխարենը նկատելի շեշտադրում է արվել իշխանություններին ուղղված պահանջների վրա՝ պահպանել «համաչափություն» եւ հետաքննել «ոստիկության ոչ իրավաչափ գործողությունները»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:
«Դժվար է ազատվել զգացողությունից, որ Եվրամիության դիվանագետները բացահայտորեն սիրաշահում են Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «սրել» ներքաղաքական իրավիճակը»,- ընդգծել է ԱԳՆ-ն: