Քաղաքական

Դ. Իոաննիսյան. Սադրեցին ոստիկանությանը

Վերջին օրերի իրադարձությունները ոչ միայն հանրության կիզակետում են, այլև հասարակական մի շարք կառույցների,  ժամ առ ժամ զարգացող իրադարձությունների շուրջ բազմաթիվ վերլուծություններ, տեսակետներ և իրավական գնահատականներ են տրվում մասնագետների կողմից: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ այս անգամ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված գործողությունների շարժառիթը ցուցարարների կողմից հրահրված բախումներն էին: Այլ հարց է, որ  այդ բախումը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ ուզում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և  սնունդ հասցնել ՊՊԾ գունդը գրաված զինյալներին։

«Սադրիչները իրականում, օրինակ, երեկ նկատվում էին և ես հիմա չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը և ասել, որ այս սադրիչներն ուղարկված էին այսինչ  կամ այնինչ տեղից, բայց զգացվում էր, որ մարդիկ իրենց գործողություններով ցանկանում են հրահրել բախումներ»,- Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ընթացքում ասել է Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով էին օրինական  ոստիկանության գործողությունները, հասարակական գործիչը հարցը դիտարկում է ինչպես իրավական այնպես էլ հանրային ընկալման տեսանկյունից։ «Ի՞նչ տեղի ունեցավ երեկ։ Ըստ էության՝ ցուցարարները հրահրեցին, ես չեմ ուզում ասել բոլոր ցուցարարները, որովհետև ցուցարարների 90-95 տոկոսը երեկ այնուամենայնիվ խաղաղ էին, բայց հինգ տոկոսն էլ  քիչ չէ, որպեսզի բախում հրահրվի և այդ բախումը հրահրվեց։ Ստացվեց, որ ոստիկանության  վրա հարձակվեցին, քարեր նետեցին, ոստիկաններն էլ ստացան վնասվածքներ, դրանից հետո ոստիկանությունը կարող էր  արդարացնել  գիշերվա ժամը չորսին իրականացրած իր գործողությունը՝ դե մենք էլ սպասեցինք մարդիկ քչացան, ով էլ որ չգնաց տուն, արդեն մենք իրենց բերման ենթարկեցինք: Եվ այս տեսանկյունից արդեն ոստիկանության գործողությունները այդքան էլ անարդար չեն դիտվում»,- ասաց։

Իրավական տեսանկյունից առկա է մեկ այլ խնդիր ևս։ Օրինակ այն քաղաքացիները , որոնք բերման են ենթարկվում, հաճախ ազատ են արձակվում, որովհետև միակ մեղադրանքը լինում է այն, որ քաղաքացին չի ենթարկվել ոստիկանին, իսկ նման դեպքերում վարչական տուգանք է կիրառվում, սակայն  «փորձը ցույց է տալիս, որ շատ եզակի դեպքերում է ոստիկանությանը դա հաջողվում դատարանում ապացուցել»,- նկատում է իրավագետ Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով,- Դեպքերի մոտ կեսում ոստիկանությունն ընդհանրապես այդ հայցը չի էլ ներկայացնում, այսինքն՝ քաղաքացուն վարչական պատասխանատվության ներկայացնելու հայցն էլ չի ներկայացնում, որովհետև հասկանում է, որ անիմաստ է, քանի որ անհիմն է։ Այս մասով ես պետք է ասեմ, որ քիչ թե շատ դատարանները նորմալ են գնահատում, ինչ որ տեղ օբյեկտիվություն կա, երբեմն, իհարկե, նկատվում են սուբյեկտիվ դեպքեր, բայց համեմատաբար Հայաստանի դատական համակարգի կոնտեքստում այս պարագայում այդքան էլ վիճակը վատ չէ»:

Back to top button