ԿարևորՔաղաքական

Բյուջեի ծախսերն ու դեֆիցիտը կրճատվում է 10.4 մլրդ դրամով. կառավարության նիստում

տեղադրված է ժամը 11-37- ին
վերջին լրացումը ժամը 17։58- ին

arminegevorgyan

 

Վարչապետը  Հովիկ  Աբրահամյանը առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով  այսօր կառավարություն նիստում անդրադարձավ  մայրաքաղաքում  տեղի ունեցող իրադարձություններին: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները  զինված հարձակում էին   գործել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա և պատանդ վերցրել այնտեղ գտնվող ոստիկաններին: Զինված հարձակման արդյունքում զոհվել էր ոստիկանության  գնդապետ Արթուր Վանոյանը: Վարչապետը նախ ցավակցեց գնդապետի հարազատներին ու զինակից ընկերներին՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը վտանգավոր ու անհեռանկար գործընթաց է: Իշխանությունը կանի ամեն ինչ՝ իրավիճակին լուծում տալու համար։

Ի դեպ՝ կառավարության  նիստից հետո, Էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյան էր միակը, ով խոսեց հուլիս 17- ից սկսած  դեպքերի մասին:  Կառավարության  մյուս անդամները շենքից դուրս էին եկել հետնամուտքով և  լրագրողներին չհաջողվեց նրանցից որևէ մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի մասին: Արծվիկ Մինասյանն ավելի քան համոզված է. որ  Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գունդը պաշարած զինված անձիք պետք է օր առաջ մտածեն հանձնվելու մասին: Վերջինս  բարձր  գնահատեց իրավապահ մարմինների գործողությունները և ողջախոհության կոչ արեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Այս համատեքստում էլ  լրագրողները մի քանի անգամ  նույն  հարցն  ուղղեցին նախարարին, թե ինչու  ու այս հինգ  օրերի  ընթացքում իշխանության որևէ ներկայացուցիչ հանդես չեկավ հայտարարությամբ:

Նշենք, որ այսօր եղան հրապարակումներ ըստ որի «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, թե  իրենց զրկել են անգամ բժշկական օգնությունից: Լրագրողները առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է  իր կողմից միջամտություն լինի, որ շտապօգնության մեքենաները հնարավորություն ունենան անցնել արգելապատնեշը` նախարարը նշեց. «Եթե անհրաժեշտություն լինի, բուժօգնությունը կտրամադրվի: Ես կարող եմ Ձեզ միանշանակ ասել հետևյալը, որ բուժօգնությունը որևէ մեկին անհասանելի չի լինի անհրաժեշտության դեպքում, եթե բուժօգնության կարիք լինի, բուժօգնություն կլինի»։

Եվ անդրադարձ արդեն նիստի օրակարգին: Այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով: Կառավարությունը  2016- ի ֆինանսական փաստաթղթում եւ իր նախկին որոշումներից մեկում կատարված փոփոխությունները պայմանավորել է պետական մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով:

142 ծառայողական ավտոմեքենաների կրճատման հետեւանքով 6 ամսվա կտրվածքով խնայվել է 91 մլն դրամ։ Դրանով պայմանավորված՝ գործադիրն այսօր վերաբաշխում եւ փոփոխություն է կատարել պետբյուջեում։

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց աջակցություն ցուցաբերելու նպատակով գումար հատկացնել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում ուժեղ քամիների և կարկտահարության,  հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին: Այսպիսով՝  ուսումնասիրությունների համաձայն՝  Արմավիրի  մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով  պետք է  տրամադրել 21մլն 875 հազար դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ  Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում   հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:

Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ:  Նախարարը տեղեկացրեց նաև տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4 և 6 մլն դրամ: Բացի այդ, 2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5,0 մլն դրամ՝ ներկայացրեց նախարարը՝  ավելացնելով, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ:

Ի դեպ՝ «Հիդրո կորպորացիա» ՓԲ ընկերությունը մտադիր է վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցած Արգիճի գետի ՓՀԷԿ-ը։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 3.89 մլրդ դրամի ներդրում, որից 850 մլն դրամը հատկացվելու է սարքավորում ձեռք բերելուն: Ծրագրի իրագործմամբ կպահպանվի 15 գործող աշխատատեղը, 2016-2018թթ. աշխատավարձը 170 հազարից կհասցվի 210 հազար դրամի: Վերազինման շնորհիվ կստեղծվի ևս 10 ժամանակավոր աշխատատեղ։ Այս ծրագրերի իրականացման համար կառավարությունն այսօր երեք տարով հետաձգել է ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը։

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած ՀՀ օդային օրենսգրքի նախագծին։ Գործադիրը նշել է, որ օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի գործունեությունը։ Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար։ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել այս աշխատանքում համագործակցել պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ։

Back to top button