Հասարակություն

ՊՊԾ գնդի վրա հարձակվածների ծնողները դիմել են լրագրողներին

arminegevorgyan

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն Էրեբունիում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ներկայացնել իրենց խոսքը հանրությանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:

Այս պահին ՊՊԾ գնդում գտնվող Սպիտակ քաղաքի բնակիչ, 1985 թվականին ծնված Էդգար Սողոմոնյանի հայրը խնդրում է Պավլիկ Մանուկյանին բաց թողնել իր որդուն։ «Սողոմոնյան Էդգարի հայրն եմ, իմ տղան զենք չի վերցրել, չի ծառայել՝ վատ տեսողության պատճառով, նա ՌԴ-ում էր ապրում ու ամսի 13-ին ա եկել, ու գնացել ա ու հետո իմացանք, որ միացել ա իրանց խմբին: Պավլիկ Մանուկյանին ես առաջարկում եմ, որ բաց թողնի իմ որդուն, երեխան կարող է վախից ա գնացել իրանց հետ: Իմ տղեն «պալիտիկայից» հեռու է, գնացեք, իրան մի հատ «պալիտիկայից» հարց տվեք, նա չի կարող պատասխանել»,- ասաց առաջին կարգի հաշմանդամություն ունեցող հայրը:

Նա նշեց, որ առաջին կարգի հաշմանդամ և ասուլիսին եկել էր սայլակով, ու միակ խնամողն իր որդին է եղել:
Խմբի մյուս անդամ՝ Գառնիկ Հովակիմյանի մայրը՝ Մարինե Պապիկյանը նշեց, որ Գառնիկը մի ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից:  Նա պատմեց, որ  Գառնիկն ապրում է Ռուսաստանում և նա Հայաստան է եկել անձնագիրը փոխելու համար: «21-ին պետք է անձնագիրը ստանար: 16-ի իրիկունը գնացել է տանից ու չի վերադարձել: Տղաս ամսի 17-ին դարձավ 26  տարեկան: Նա Ռուսաստանում կին և երեխա ունի: Զանգել է ինձ ու ասել, որ փակ տեղ է ու չի կարող խոսել: Ես պահանջում եմ իմ երեխային, քանի որ իր ա ընտանիքը սպասում է իրեն»,- նշեց Գառնիկ Հովակիմյանի մայրը:

Ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս ծնողներին և ինքը ընդառաջել է իրավապահ մարմիններին դիմած ծնողներին, որոնք ցանկացել են հայտարարություն անել լրատվամիջոցների ներկայությամբ:

Back to top button