Միջազգային

Անկարան պաշտոնապես Վաշինգտոնից պահանջեց Գյուլենին

Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դիմել են Միացյալ նահանգներին՝ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով: Անկարան, հիշեցնենք, ամերիկաբնակ քարոզչին է համարում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր ասել է, որ Անկարան Վաշինգտոնին պաշտոնական դիմում է հղել և կրկին քննադատել է ամերիկյան իշխանություններին Գյուլենի մեղսակության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պահանջի համար:

Նախօերին, Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ապացույցներ ներկայացնեն, եթե դրանք լինեն, Միացյալ նահանգները կգործի միջպետական համաձայնագրերի համաձայն, ասել է Քերրին՝ նշելով, որ թեև նախագահ Էրդողանը հրապարակային հայտարարություններ է անում, թե պահանջել է Միացյալ նահանգներից արտահանձնել Գյուլենին, սակայն ամերիկյան իշխանությունները պաշտոնական փաստաթուղթ Անկարայից չեն ստացել:

Նախօրեին Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր նաև, որ Անկարան կարող է օրակարգում ներառել ԱՄՆ հետ բարեկամական հարաբերությունների վերանայումը, եթե Վաշինգտոնը չարտահանձնի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

«ԱՄՆ-ն մեր բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերը: Սակայն, եթե բարեկամները նախկինի պես ապացույցներ պահանջեն, ապա մենք շատ կվշտանանք և օրակարգ կմտնի մեր բարեկամությունը վերանայելու անհրաժեշտությունը»,-ասել է Յըլդըրըմը:

Back to top button