Տնտեսական

Արտիմետ համայնքը չի տուժել կարկտահարությունից ու հեղեղից

satikisahakyan
Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի գյուղատնտեսությունը չի տուժել  վերջին կարկտահարությունից ու հեղեղից:  Կարտոֆիլի, ձմերուկի և ցորենի ցանքատարածքներից լավ բերք է ստացվել: Բերքն ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում:  Անցնելով երկու- երեք միջնորդի ձեռքով՝ սպառողին է հասնում կրկնակի թանկ:

 

 

Ամռանը  ֆերմեր, ուսումնական տարում՝ դպրոցի տնօրեն: Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանին լավ են ճանաչում գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտանալով գյուղմթերքների արտադրության մեջ, նա, տարեցտարի ավելացրել է հողի մշակության տարածքներւը:  Վաղարշապատի տարածքի գյուղերը առաջինն են  կարտոֆիլով  շուկան ապահովում: Արտակ Գյոզալյանի կարտոֆիլի ցանքատարածքը մոտ 7 հեկտարի է հասնում, իրարից կտրված սեփական հողատարածքում տարբեր սորտի կարտոֆիլ է մշակում: Վերջին օրերի կարկուտն ու հեղեղը բարեբախտաբար շրջանցել էր Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի մի քանի գյուղեր,  որտեղ լավ բերք է աճեցվել: Արտակ Գյոզալյանը նշեց, որ մի հեկտարից ստացել է մինչև 55 տոննա կարտոֆիլ: Նման բերքատվություն ունեցել էր տասը տարի առաջ:

Ագրոտեխնիկական կանոնների ճիշտ օգտագործմամբ և բնության բարեհաճությամբ լավագույն բերքն արտաքին տեսքով և որակական  բարձր հատկանիշներով ապահովված է:  Ունի կարտոֆիլի նախասիրած սորտը՝ Ագատան:

Ֆերմերի ցանքատարածքում կարտոֆիլի մշակության մեջ զբաղված են քաղաքաբնակները: Նրանք օրավարձով տարբեր աշխատանքներ են կատարում:

Կարտոֆիլից հետո կսկսեն մյուս բանջարեղենների հավաքումը, մինչև խոր աշուն: Կարտոֆիլն ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում, բերքահավաքի ընթացքում գնորդներն արդեն հողում են,  իրենք են պարկերը կարում  ու տանում մեծածախ շուկա: Մշտական իրացնողներ մեծածախ շուկայում կարտոֆիլը  վաճառում են 20 դրամ տարբերությամբ, վերավաճառողները նույնպես որոշակի ավելացումներ են անում, արդյունքում՝  բերքը  սպառողին է հասնում գրեթե կրկնակի գնով:

Արտակ Գյոզալյանը ներկայում դադարեցրել է կարտոֆիլի քանդելը, ասում է,  մի միջանկյալ ժամանակ  կա, երբ կարտոֆիլի գինն իջնում է , որը ձեռնտու չէ արտադրողին:

Ֆերմերը 4 հեկտարի վրա էլ ձմերուկ է դրել, բերքը նույնպես լավ է ստացվել: Այսօրվանից  սկսել է ձմերուկի բերքահավաքը: Ցորենի բերքատվությունը նունյպես բարձր է՝ 1հա-ից ստացվել է  7 ցենտներ հացահատիկ:  Սերմադաշտում ցանել է էլիտար սերմեր, որն անցած տարի ստացել էր կառավարությունից:

Ֆերմերը նաև զբաղվում է մեղվապահությամբ, մեղր քամելու ժամանակը նույնպես եկել է:  Մինչև նոր ուսումնական տարվա սկսվելը Արտիմետի դպրոցի տնօրենը  կավարտի գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու կպատրաստվի հիմնական աշխատանքին:

Back to top button