Հասարակություն

Գեղատեսիլ Դիլիջանը դիլիջանցու համար չէ` ասում են բնակիչները

 

satikisahakyan

Դիլիջանի գեղատեսիլ բնությունը ամռանը հովեկների նախասիրած վայրերից մեկն է, որոնք ամռան տապից պատսպարվում են բնության  գրկում: Դիլիջան են գալիս տարբեր վայրերից, իսկ դիլիջանցին աշխատանք գտնելու և ընտանիքին կերակրելու հույսով տեղափոխվում է այլ բնակավայր: Քաղաքի բնակիչները դարձել են բնության սանիտարներ, անտառից հավաքած փայտը վաճառում կամ փոխանակում են այլ մթերքի հետ:

 

Հանգստյան տներով ու առողջարաններով  հայտնի Դիլիջան քաղաքում  գործազրկության իրական պատկերը մեծ է:  Տեղում աշխատանք գտնելը դժվար է:  Դիլիջանցիներից   հանգստյան գոտիներում քչերն են աշխատում,  իսկ  քաղաքում   իրականացվող շինարարական աշխատանքներում ընդգրկված  են այլ մարզերի   բնակիչները:

Դիլիջանում քիչ չեն փակ դռները: Օրվա հացը վաստակելու նպատակով մարդիկ հեռանում են ու հաստատվում այլ բնակավայրերում: Տիկին Սիլվայի ընտանիքը բազմանդամ է, տասը հոգով ապրում են երկսենյականոց բնակարանում: Երկու որդին ամուսնացած են, երրորդը նոր է վերադարձել բանակից, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Աշխատանք չունեն:

Սիլվան նեղսրտում է, որ աշխատանք գտնելու հույսով որդիները մտադրվել են մեկնել հայրենիքից ու հաստատվել Ռուսաստանի Դաշնությունում: Ասում են՝ մնանք էստեղ ինչ անենք, պիտի գնանք: «Ես էլ մնալու եմ մեն-մենակ, ոնց ապրենք, ասա: Մի տղես, 40 տարեկան է, մի տղես՝ 37։ Ամուսնացած են, ամենքն ունեն երկու երեխա: Իրար գլխի հավաքված, պոլին ենք քնում: Աշխատանք չկա, որ տուն վարձեն, հիմա էլ երեքով գնալու են Ռուսաստան»,- ասում է Սիլվան:

Ապրելու դժվարությունները շատերին է տեղահան արել:  Դիլիջանցիների միակ հույսը անտառն է, սանիտարական մաքրման նպատակով հավաքում են անտառում փտած փայտերը, տեսակավորում և տանում վաճառելու , որն էլ փոխանակում են այլ մթերքով ու վերադառնում:  Քաղաքում կարելի հանդիպել նույնիսկ երեխաների, որոնք ձկան կարթը ձեռքին  Աղստեւի գետափին ժամերով սպասում են, որ ձուկ տանեն տուն: Գեղեցիկ բնությունը դիլիջանցու լավ ապրելու գրավականը չէ: «Պոմիդորի, վարունգի, ծիրանի, մրգի սեզոն ա, մարդ կա, տուն կա, որ կարոտ ա»,- ասում է Ջուլիետան:

Մարդկանց մի մասն էլ  սպասում է թոշակին ու նպաստին: Խանութներում պարտքացուցակները  գրանցամատյան են դարձել։

Դիլիջանցիները հիշում են այն ժամանակները, երբ գործարաններում էին աշխատում ու լավ ապրում: Կապի միջոցներ արտադրող «Իմպուլս» գործարանը ամենամեծ աշխատատեղն է ապահովել։ Երանությամբ են խոսում նաև տրիկոտաժի ֆաբրիկայի և մյուս ձեռնարկությունների մասին, իսկ հիմա  առաջվա Դիլիջանը չկա: «Ոչ ջախեցնա մերը, ոչ Դիլիջանը»,- ասում են դիլիջանցիները:

Back to top button