Միջազգային

Թուրքիայում իրավիճակը լարված է, Արեւմուտքից նախազգուշացումներ են հնչում

marlenahovsepyan

Թուրքիայում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ, շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու պաշտոնանկությունները: Ռազմական հեղաշրջման չստացված փորձից հետո աշխատանքից ընդհանուր առմամբ ազատվել է 8777 իրավապահ, նրանց գիշերը կանչել են ոստիկանության բաժանմունքներ և պահանջել հանձնել զենքն ու վկայականները: Զբաղեցրած պաշտոններից ազատվել է 30 նահանգապետ և 47 շրջանային վարչակազմի ղեկավար: Վերջին երկու օրերին ձերբակալվել է ավելի քան վեց հազար մարդ:

Ստամբուլում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում: Քաղաք է բերվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատների 1,8 հազար մարտիկ: Հատուկջոկատայինները Ստամբուլ են ուղարկվել հարեւան շրջաններից: Նրանք տեղակայվել են քաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներում և փողոցներում: Քաղաք է բերվել նաև հատուկ տեխնիկա: Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարը հրաման է տվել առանց նախազգուշացման կործանել չարտոնված թռիչք կատարող ուղղաթիռները:

Այսօր Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական մոտոցիկլետների ուղղությամբ, սպանվել է մեկ ոստիկան:

Յ. Հան. Թուրքիայում ձերբակալվածների ցուցակները կազմել են նախապես
«Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը՝ հետապնդումներ սկսելով երկրում հեղաշրջման տապալված փորձից հետո, ինչ վերաբերում է ձերբակալված անձանց ցուցակներին, ապա դրանք  կազմվել էին նախապես», — հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով  եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

«ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պաշտոնյան նշել է, որ տեղի ունեցավ այն, ինչից իրենց վախենում էին: « Ես և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա  Մոգերինին հեղաշրջումից հետո հայտնեցինք մեր մտավախությունը. այն, ինչ կհաջորդի այս իրադարձություններին, կհամապատասխանի՞ իրավունքի գերակայության միջազգային չափանիշներին: Այն, ինչ տեսնում ենք, վկայում է, որ նորմերը չեն պահպանվում», -ասել է Հանը:

Լրագրողի հարցին, հնարվո՞ր է արդյոք, որ Անկարան օգտվում է իրավիճակից, պաշտոնյան նշել է, որ իրադարձություններից առաջ ցուցակների հասանելիության փաստը վկայում է, որ դա նախապատրաստված էր, պահն օգտագործելու համար:

Բ. Յըլդըրըմ. Անկարան կարող է վերանայել ԱՄՆ հետ հարաբերությունները
«Անկարան կարող է օրակարգում ներառել ԱՄՆ հետ բարեկամական հարաբերությունների վերանայումը, եթե Վաշինգտոնը չարտահանձնի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին` Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի հետ կապված», — հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: « ԱՄՆ-ն մեր բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերը: Սակայն, եթե բարեկամները նախկինի պես ապացույցներ պահանջեն, ապա մենք շատ կվշտանանք և օրակարգ կմտնի մեր բարեկամությունը վերանայելու անհրաժեշտությունը»,-ասել է Յըլդըրըմը:

ԱՄՆ Անկարայից փաստեր է պահանջում
Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր անդրադառնալով Անկարայի՝ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջին նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ապացույցներ ներկայացնեն, եթե դրանք լինեն։ ԱՄՆ կգործի միջպետական համաձայնագրերի համաձայն՝ ասել է Քերին նշելով, որ թեև նախագահը Էրդողանը հրապարակային հայտարարություններ է անում, թե պահանջել է ԱՄՆ- ից արտահանձնել Գյուլենին, սակայն ամերիկյան իշխանությունները պաշտոնական փաստաթուղթ Անկարայից չեն ստացել:

Անդրադառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է. «Նախազգուշացնում ենք Թուրքիային՝ հեղաշրջման փորձից հետո երկրում կարգուկանոն հաստատելիս չափը չանցնել»։

Անկարան եթե վերականգնի մահապատիժը՝ երբեք չի դառնա ԵՄ անդամ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերին անդրադառնալով Թուրքիայում ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ եթե այդ երկիրը որոշի վերականգնել մահապատիժը, երբեք չի դառնա Եվրամիության անդամ: Անկարային նախազգուշացում է արել նաև պաշտոնական Բեռլինը։ Կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն, եթե Անկարան որոշի կրկին մահապատիժ սահմանել: Հեղաշրջման մասնակիցների համար մահապատիժ սահմանելու մտադրության մասին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո հայտարարել էին Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Յիլդիրիմը:

Back to top button