Քաղաքական

Ստեղծված իրավիճակից ելքերը՝ ըստ քաղաքական ուժերի

lusinevasilyan

Ինչ կարող են անել կամ արդյոք այս իրավիճակում դերակատարում ունեն քաղաքական ուժերը, ինչպես են նրանք պատկերացնում հանգուցալուծումը, ինչ ելքեր են առաջարկում:  «Ռադիոլուրի» հետ զրույցում մի քանի առաջարկ քաղաքական գործիչներն այսօր արել են: Միակարծություն դրանց վերաբերյալ  կարծես թե չկա, բայց բոլորը միակամ են մեկ հարցում ՝ պետք է գործադրվեն առավելագույն  ջանքերը՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար:

Ելքերը դժվար են, բայց կան ու պետք է դրանք գտնել: ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության  վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ ճիշտ չէ իրավիճակից ելքերը միայն իրավապահներին թողնել: Նրա գնահատմամբ՝ փակուղայինին մոտեցող իրավիճակը միջնորդություն է պահանջում: «Ցավով եմ ասում, բայց  հերթական անգամ  մենք չեն կարողանում գտնել այն միջնորդը, որը հեղինակություն կլինի թե իշխանությունների, թե զինված խմբավորման, թե, ամենակարևորը, հասարակության համար» :

Պատգամավորը համոզված է, որ իրավիճակը հանգուցալուծման քաղաքական բանաձև է պահանջում, հակառակ դեպքում ավելի փակուղային ու վտանգավոր կդառնա ՝ ասում է Հովհաննիսյանը:

Որպես ելք պատգամավորն իր առաջարկն է անում: «Քաղաքական  բանաձևերով է պետք հանգուցալուծումներ գտնենք: Ես օրինակ նման մի առաջարկ ունեմ: Խմբին առաջարկնեք բաց թողնել ոստիկաններին ու մենք մի խումբ պատգամավորներով գնանք պատանդների տեղում նստենք:  Չգիտեմ, որքանով է ընդունելի, բայց գիտեմ, որ  իրավապահներն իրենց գործընկերներին են այնտեղ տեսնում,  ու սա ևս լարվածության մի օջախ է:  Այս տարբերակը , իմ կարծիքով, հնարավորություն կտա խոսել, խուսափել ուժային լուծումից»:

Այս առաջարկը, ի դեպ,  տեղ է գտել «Համախմբում»  կուսակցության այսօր  տարածած հայտարարության մեջ՝ փոքր-ինչ այլ ձևակերպումով. առաջարկվում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ իրավիճակին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։

Առաջարկն ընդունելի չէ Հայ հեղափոխական դաշնակցության համար: ՀՅԴ-ն կարծում է, որ հարմար պահ չէ քաղաքական դրսևորումների համար : Ավելորդ նախաձեռնողականությունն օգուտ չի բերի՝ ասում է Աղվան Վարդանյանը, ում  կարծիքով՝ իրավիճակի ելքը կախված է միայն կողմերի միջև ընթացող բանակցություններից: «Ես չեմ կարծում այդ մարդիկ քաղաքական ուժերի միջնորդության կարիք ունեն։ Եթե ունեն՝ թող դիմեն, մենք էլ կքննարկենք այդ հարցը: Չեմ էլ կարծում, որ պահն է, որ ամեն ուժ իր աշտարակից իր խնդիրները լուծելու համար հայտարարություններ անի»:

Իրավիճակը, ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի,  ոչ թե փակուղային դառնում է, այլ փակուղային էր ի սկզբանե. ակնհայտ էր, որ այս մեթոդներով որևէ հարց չի լուծվելու՝ ասում է Վարդանյանը: Իսկ դիտարկմանը, թե ոչ թե միջնորդի, այլ դիտորդի դեր ստանձնելով  անցանկալի զարգացումների դեպքում քաղաքական ուժերն իրենց մեղադրելու առիթ չեն ունենա, Աղվան Վարդանյանն այսպես է արձագանքում: «Բայց այս իրավիճակը քաղաքական ուժերի հետ համաձայնության,  խորհրդատվության արդյունքում չէ, որ ստեղծվել է: Երբ  գիտես այբուբենի միայն առաջին տառը ու չգիտե ս, բ-ն, գ-ն, գալիս է մի պահ, երբ փակուղում ես հայտնվում»:

ԲՀԿ-ն քաղաքական ուժերի միջնորդությունը ոչ միայն չի մերժում, այլ նաև ասում է, որ պատրաստ է ցանկացած ֆորմատով այն իրագործելուն: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ինքն անձամբ էլ այդ առաջարկն արել է, այսօր ևս ասում է, որ պատրաստ է լինել քաղաքական ուժերից կազմված բանակցող խմբի մեջ: Սա, իհարկե, չի փոխում կուսակցության վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ ՝ որևէ քաղաքական օրակարգ չի կարող արդարացված լինել նման մեթոդների դեպքում: «Անգամ ամենաարդար օրակարգը դատապարտված է տապալման, եթե այս մեթոդներով է իրացվում: Հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել գնդակահարելով ու պատանդներ վերցնելով»:

ԲՀԿ-ն բարիկադի երկու կողմերին էլ զգոնության ու  սթափության  կոչ է անում, համոզված է, որ իրավիճակն  առավելագույն ջանք է պահանջում՝ նոր կորուստներ չունենալու համար: Տարբեր ձևակերպումներով, բայց նույն ուղերձով այս թեզն ընդգծվում է քաղաքական գրեթե բոլոր ուժերի տարածած հայտարարություններում ու հնչեցրած գնահատականներում: Իրավիճակի քաղաքական վերլուծություններն այս փուլում տեղին  չի համարում Հանրապետական կուսակցությունը: Այս պահին խնդիրն իրավապահներին է, վերլուծությունների ժամանակ դեռ կունենանք՝ տրամաբանությամբ:

Back to top button