Հասարակություն

«Պանտերայի» աշխատակցի դաժան ծեծի գործով մեղադրվող մաքսային տեսուչը կալանավորվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Վերջինիս առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Հարություն Թ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  Հարություն Թ.-ն դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել Վարազդատ Խ.-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Back to top button