Միջազգային

Մենք դիմակայեցինք. Էրդողանը երրորդ անգամ ելույթ ունեցավ

լուսանկարը՝ Reuters- ի

Թուրքիայում արդեն «ամփոփում» են ռազմական հեղաշրջման փորձի արդյունքները։ «Անադոլու» գործակալության տվյալներով՝ Անկարայում եւ Ստամբուլում բախումների ընթացքում զոհվել է առնվազն 90 եւ վիրավորվել 1154 մարդ։ Նախագահ Էրդողանը հայտարարել է. «Խռովությունը ճնշվել է, մենք դիմակայեցինք»։

Ըստ «Ռոյթերի»՝ ձերբակալվել է  1500- ից ավելի զինվորական։ Պաշտոնից հեռացվել է հինգ գեներալ եւ 29 գնդապետ։ «Անադոլուն» իր Twitter- ի էջում գրում է, որ նրանք կապ ունեն հայտնի մահմեդական հասարակական գործիչ եւ Էրդողանի հիմնական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենի «խորքային պետության» հետ։ Գյուլենը հերքել է հեղաշրջման հետ կապ ունենալու մեղադրանքները։

Առավոտյան նախագահ Էրդողանն արդեն երրորդ անգամ է հանդես եկել ժողովրդին ուղղված դիմումով։ Այն անգամ նա ելույթ է ունեցել Ստամբուլի օդանավակայանում հավաքված կողմնակիցների առաջ։ Նա հայտարարել է, որ իշխանությունը վերահսկում է իրավիճակը։ «Նախագահը, որին իշխանության է բերել բնակչության 52 տոկոսը, իրավիճակը վերահսկողության տակ է պահում։ Կառավարությունը, որին եւս ժողովուրդն է իշխանության բերել, նույնպես իրավիճակը հսկողության տակ է պահում։ Նրանց (խռովարարների. խմբ.) փորձը չհաջողվեց։ Մենք դիմակայեցինք»,- նրա խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

«Ռոյթերի»՝ իրավիճակին տեղյակ Եվրամիության դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ խռովարարները լրջորեն են նախապատրաստված եղել։ «Երեւում է դա լավ նախապատրաստված հեղաշրջում էր բանակային ուժերի նշանակալի մասնակցությամբ։ Դա մի քանի գնդապետների գործ չէ»,- ասել է նա։

Back to top button