ԿարևորՏնտեսական

Առաջիկայում 800 մլն դոլարի ներդրում է ակնկալվում՝ ասում է էկոնոմիկայի նախարարը

տեղադրվել է ժամը 15։03- ին
լրացվել է ժամը 18։45- ին

hasmikdilanyan

Ավելի քան երեսուն ոլորտային  կարգավորման գործառույթ՝ տարեկան երկու միլիարդ դրամ ֆինանսավորմամբ:  Տնտեսության բոլոր ուղղություններն ինչ որ փուլում  այս կամ այն կերպ խաչվում են էկոնոմիկայի նախարարության հետ: Ոլորտի պատասխանատուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տնտեսությունում կանխատեսվող դրական զարգացումների մասին, նշել, որ օպերատիվ տվյալների հիման վրա կատարված մոնիտորինգի արդյունքներով արդյունաբերական ոլորտում երկնիշ աճ են ակնկալում:  Արծվիկ Մինասյանը  հիշեցրել է  կառավարության ընձեռած հարկային արտոնությունների, արտահանման աջակցման գործակալության, ազատ տնտեսական գոտիների մասին և ոչ միայն: Նախարարը քվեարկել է իրենց ենթակայության տակ գտնվող կառույցները, խնդրել լրագրողներին կոռուպցիոն դրսեւորումների  մասին  իմանալու  դեպքում  տեղեկացնել ու բարձրաձայնել:

 

Ապրիլյան քառօրյա  պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել էր ծրագիր մշակել և կայուն եկամուտով ապահովել   ՀՀ  պաշտպանության ժամանակ զոհված      զինծառայողների   ընտանիքներին:  Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախ հստակեցրեց՝  խոսքը միայն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մասին չէ, այլ ՀՀ ու  Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների: Պարզապես այժմ  առաջնահերթ են  ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները:

Մինասյանի փոխանցմամբ,  կարգն արդեն մշակված է, ուղարկված է կառավարություն: Կաշխատեն Պն, ԱՍՀՆ, ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ: «Նպատակն է՝ այս ընտանիքներում բացահայտել անձանց, ովքեր ի վիճակի են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Եթե չունեն համապատասխան կրթություն, ապահովել պայմանների ամբողջական տրամադրում, դրանք կարող են լինել սարքավորումներ, դրանք կարող են լինել կոնկրետ գումարի տեսքով, դրանք կարող են լինել պայմանագրերի կնքման և  դրանք իրավական հաշվապահական ուղեկցման տեսքով»։

Առաջնայինը անձանց ձեռնարկատիրական գործունեության ապահովումն է։ Եթե այն չկա, նրանց  կառաջարկվի աշխատանք տարբեր ձեռնարկություններում, որպեսզի նրանք կարողանան մշտական եկամուտ ունենալ: Ծրագրի իրականացման համար  պետական միջոցներից բացի  խրախուսման եղանակներն են ներդրվելու    մասնավորի համար նույնպես: Հիմնական բեռն իհարկե բյուջեի վրա է լինելու: «Կամավոր մուծումների ժամանակ այն անձինք, կազմակերպությունները, ովքեր 10 մլն և ավելի դրամ  կփոխանցեն այս ծրագրին, իրենք կամ իրենց ներկայացուցիչները կընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ, կկայացնեն համապատասխան որոշումներ՝ այս կամ այն անձի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար»։

Ի դեպ, այս տարվա համար  շուրջ հինգ  հարյուր մլն դրամի ծախս են նախատեսում:

Հայաստանը  մեծածավալ ներդրումների դեպքում  պատրաստ է  առանձին ներդրումային օրենք ընդունել, հարկային արտոնություններ տալ ներկայացվող  նախաձեռնությանը:  Մեր երկրում տարբեր ծրագրեր ու խոստումներ համադրելով,  առաջիկայում  800 մլն դոլարի ներդրում է ակնկալվում:  Իհարկե ցանկացած երևույթ ազդում է  ներդրումների վրա՝ ասաց նախարարը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում գտնվող ու նախաքննությունն արդեն ավարտած  «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ  հարուցված քրեական գործին: Նշենք, որ  օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Ներմուծման ոլորտում առկա մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է: Արծվիկ Մինասյանի խոսքով, բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծում են էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը, որպեսզի պարզի բոլոր ընթացակարգերը՝ սկսած ժամկետներից, պատասխանատուներից : «Դա կվերաբերի ոչ միայն ներմուծմանը,  այլև՝ արտահանմանը: Այսինքն՝ կներդրվի ամբողջական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին ու քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել»:

Էկոնոմիկայի նախարարը մենաշնորհային դիրք ունեցողների անուններ չհրապարակեց՝ նշելով, երբ խոսում են ոլորտների մասին, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում։ Պարզաբանեց՝   ոլորտում գերիշխող դիրքի մասին  խոսելիս, օրենքի համաձայն՝ թեև իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես և փաստացի իրենք  թելադրում են շուկան, ըստ էության, այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ:  Հետեւաբար, գլխավոր խնդիրը մնում է վերանայել օրենսդրությունը՝ ասաց նախարարը։

Երբ լրագրողները նորից պնդեցին մենաշնորհային դիրք զբաղեցնողների անուններ հնչեցնել, Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, տնտեսական քաղաքականությունը ավելորդ անգամ  վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների՝ պատրաստ չեմ, քանի որ իմ գլխավոր խնդիրը որպես էկոնոմիկայի նախարարի կառավարությանը համակարգային լուծումներ առաջարկելն է  ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով շաքարավազի ներկրման վերաբերյալ իր նախկին հայտարարություններին՝ ասաց, որ իր խոսքը վերաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելների մշակմանը:

Դժգոհությունները չեն դադարում Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակից: Շատ հաճախ հայկական մեքենաների ու ՀՀ քաղաքացիների մուտքը ռուսական տարածք կամ տեղաշարժվելը  խոչընդոտվում է,  անօրինական որոշակի գործողություններ են ձեռնարկվում: Արծվիկ Մինասյանը վստահ է՝ սա չի նշանակում, որ այս ամենը  կատարվում է  ռուսական  պաշտոնական կողմի գիտությամբ կամ մասնակցությամբ: Ուղիղ հակառակը՝  հայկական կողմը վստահ է՝   ռուսական իշխանություններին  տեղեկացնելու,  փաստերը ներկայացնելու դեպքում  «մեր գործընկերները կկանխեն նման դեպքերը»:

 

Back to top button