Քաղաքական

ԵՄ- ն Հայաստանին իր օրակարգը չի պարտադրում՝ ասում է դեսպան Սվիտալսկին

տեղադրվել է ժամը 13։59- ին
լրացվել է ժամը 18։21- ին

lusinevasilyan

Հայաստանի հետ համագործակցելով՝  Եվրամիությունը փորձում է ապացուցել, որ հնարավոր է լինել որևէ  միության կազմում, բայց ակտիվորեն համագործակցել ԵՄ-ի հետ՝ այսօր ասել է  Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա մասնակցել է Հայաստան- ԵՄ հարաբերություններին վերաբերող հանրային քննարկմանը:  Այն նախաձեռնել են  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք Եվրամիության հետ վերսկսված բանակցությունները նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ դիտարկում են որպես  հարաբերությունների խորացման նոր հնարավորություն: Դեսպանը քննարկման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել,  մասնավորապես, նշել է, որ այս փուլում  ԵՄ-ն  չի պատրաստվում պարտադրել իր  օրակարգը և հավակնությունների մակարդակը որոշելու հարցը թողնում է հայկական կողմի հայեցողությանը:

 

Հայաստանը մոռացված չէ և շարունակում է ԵՄ-ի օրակարգում մնալ ՝ այսօր  Հայաստան- ԵՄ հարաբերությունների ներկա փուլին  վերաբերող հանրային քննարկմանը հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը պարզապես նկատեց, որ ԵՄ-ն իր արևելյան  հարևանների հետ գործընկերության մոդելներն այս փուլում   քննարկում է  ըստ երկու տարբեր խմբերի՝ ասոցացված և ոչ ասոցացված հարևաններ: «Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան նույն զամբյուղում են, այսինքն՝ Եվրամիության ասոցացված գործընկերների խմբում են, իսկ  Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը  ոչ ասոցացված գործընկերների խմբում են»:

Դեսպանն ասում է, որ  չնայած այս բաժանմանը,  ԵՄ-ն  տարբեր կարգավիճակ ունեցող երկրների նկատմամբ խտրական մոտեցում չի ցուցաբերում:  Մասնավորապես, Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց  մեկնարկը տրվեց 2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում , ըստ դեսպանի, ընթանում են ինտենսիվ և  բովանդակային քննարկումների  փուլ են մտել: Փաստաթուղթը  դեսպանի խոսքով ,   երկկողմ  համագործակցության ոչ թե առաստաղն , այլ ընդամենը հատակը պետք է դառնա: Դրանով  հարաբերությունների  նոր էջ  կբացվի Հայաստան- ԵՄ փոխհարաբերություններում՝ ասաց Սվիտալսկին ու նաև կարևոր մեկ այլ դիտարկում էլ արեց: Հաշվի առնելով գործընթացի նախորդ փուլի արդյունքները ՝ ԵՄ-ն չի պատրաստվում ինչ-որ բան պարտադրել Հայաստանին կամ հետամուտ լինել ինչ-որ էգոիստական օրակարգի: Բովանդակությունն ու դրա խորությունը որոշելու է հայկական կողմը ՝ ընդգծեց Պյոտր Սվիտալսկին: »Հավակնությունների մակարդակը, համագործակցության խորության աստիճանը  որոշելու են մեր հայ գործընկերները»:

Արդեն հայկական կողմի անունից փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ԵՄ- Հայաստան բանակցությունների ընթացքը  դինամիկ որակեց, նշեց, որ քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում աշխուժացել է: Փոխնախարարը հույս ունի, որ մինչև տարեվերջ շրջանակային համաձայնագրի մշակման գործընթացն ավարտված կլինի: «Արդեն կայացել են քաղաքական, ոլորտային, առևտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլեր, որոնք ես կբնութագրեի արդյունավետ, գործընթացը դինամիկ: Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձևավորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, որը կարտացոլի ԵՄ հետ նախորդ քննարկումների բովանդակությունը և  այսօրվա մեր հարաբերությունների էությունը, խորությունը»:

Դեսպանի դիտարկումը, թե համագործակցության հավակնությունների մակարդակը, հարաբերությունների խորության աստիճանը  որոշելու է հայկական կողմը, լրագրողների հետ զրույցում Կարեն Նազարյանը  չցանկացավ մանրամասնել: «Չէի ցանկանա մեկնաբանել դրանք, թեև  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի գնահատականները բավականին լավատեսական են։ Մասնավորապես այն, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն խոսում են նույն լեզվով այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք մտադիր ենք այս ուղղությամբ շարունակել մեր ակտիվ երկխոսությունը ԵՄ-ի հետ՝ խորացնելու համար բարեփոխումների գործընթացը կամ անշրջելի դարձնելու այն»:

Ըստ փոխնախարարի՝ բանակցությունները հստակ օրացույցով են ընթանում: Քննարկումների հաջորդ փուլը սպասվում է հոկտեմբերին, մյուսը՝ դեկտեմբերին:

Ի դեպ, դեսպանը այսօրվա քննարկմանը եկել էր թարմ նորություններով: Ասաց, որ  ըստ Բրյուսելից ստացված վերջին տեղեկությունների, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի գործարկումը ԵՄ առաջնահերթությունների ցանկում է,   ծրագրի  մեկնարկը  ամենայն հավանականությամբ  կտրվի   մինչև  Արևելյան գործընկերության հաջորդ՝ մայիսին սպասվող գագաթաժողովը:

 

Back to top button