Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքար. իրականությունը եւ իմիտացիան

lenabadeyan

Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ առաջին հերթին Հայաստանի ներսում: Տնտեսապես զարգանալու եւ կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու անհրաժեշտության մասին վերջին շրջանում խոսում են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ հենց իշխանության ներկայացուցիչները: Նույնիսկ որոշակի քայլեր արդեն արվում են, բայց որքանով են դրանք նպատակային։ Ահա այս հարցը ընդդիմախոսները տարբեր կերպ են մեկնաբանում: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում: Այսպիսի կտրուկ քայլերի սպասողները, սակայն, դրական տեղաշարժ դեռ չեն տեսնում:  

 

Շուրջ երկու ամիս է անցել, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի մեկնարկի մասին: Այս պահին արդյունքները ակնառու չեն, ուստի տարակարծությունների հիմք են տալիս: «Երբ նախկինում ասում էինք, թե ինչի համար է մեզ այսքան մեքենա պետք, մեզ բացատրում էին, որ պետական ծառայություն են մատուցում: Հիմա նաեւ իրենց մոտ է գիտակցությունը եկել, որ կարելի է պետական ծառայություններն ավելի օպտիմալ ձեւով մատուցեն եւ պետք չեն այդ մեքենաները: Տեսնենք՝ հաջորդ քայլը որն է լինելու: Իրականում դեռ խոսակցության մակարդակ է, որովհետեւ արդյունքները միայն կարող են ապացուցել՝ արդյո՞ք այն քաղաքական կամքը իրականություն է, թե՞ ոչ»,- Պատգամավոր Թեւան Պողոսյանը ազդարարված պայքարի արդյունքների նկատմամբ մեծ հավատ չունի, բայց պատրաստ է  ներողություն խնդրել, եթե նկատի նույնիսկ չնչին դրական տեղաշարժ: Այդպիսի փոփոխություններ նա դեռեւս չի տեսնում:

Փոխարենը՝ առաջընթացի մասին արդեն այսօր հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «Երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ կա երկու կողմ: Մարդիկ անմիջապես ուզում են որոշակի պաշտոնյաների տեսնել փողոցում եւ երկրորդը՝ կա համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները»:

Կառավարությունը հակված է երկրորդին՝ հավելում է փոխվարչապետը՝ նշելով, որ այս առումով աշխատանքներ տարվում են եւ առաջընթաց կա: Ավելին՝ «կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում»,- այսօր հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ խուսափելով հասցեական խոսել։ Նա նշում է, որ լրագրողներն ավելի լավ գիտեն այդ մարդկանց անունները: «Հայաստանի կառավարությունը չի ցանկանում ֆետիշացնել այդ կողմը: Եթե փաստեր լինում են, ապա, բնականաբար, կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում»:

Կոմպակտ կառավարում եւ կոմպակտ ծախսեր. վարչապետի առաջ քաշած կարգախոսի ներքո կրճատված ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը 797 է: Դրանց մի մասը աճուրդի կհանվի, կվաճառվի, ոչ պիտանի մեքենաներն էլ առանձին մասերով կվաճառվեն: Հաշվարկների համաձայն՝ կրճատված յուրաքանչյուր մեքենայից կխնայվի 1 միլիոն 700 հազար դրամ: Կառավարությունը ծրագրում է կրճատել նաեւ իր իսկ ընդունվող որոշումների քանակը: «Մոտ մեկ տարվա ընթացքում կառավարության որոշումները կկրճատվեն մոտ 4 անգամ»,- դեռ Աժ-ում էր ամիսներ առաջ հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Բացատրում է, որ յուրաքանչյուր որոշման վրա աշխատում են մի շարք գերատեսչություններ եւ բազմաթիվ մասնագետներ ու փորձագետներ:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն խնդիրներին, ապա վերջին երկու ամսվա ընթացքում ինչ- ինչ խնդիրներից ելնելով որոշ պաշտոնյաներ զբաղեցրած պաշտոններից ազատվել են, բայց որեւէ մեկը դեռ պատասխան չի տվել թույլ տված չարաշահումների համար, նույնիսկ մեկ ժամ անգամ չի անցկացրել մեկուսարանում եւ չի վերականգնել պետությանը հասցված վնասը: Այլ կերպ ասած՝ հնչեղ եւ տեսանելի պատիժներ չեն եղել: «Մենք տեսնում ենք, որ խոստումները հիմնված չեն ճշգրիտ հաշվարկների վրա: Դժվար թե հիմա կարողանամ ասել, թե ինչ է փոխվել: Նախ եւ առաջ մենք ակնկալում էին ոչ թե մեկ-երկու մեքենա վաճառվեր, մեկ-երկու անձի ձերբակալություն: Դա ամենավատ իմիտացիոն գործընթացի նման է»,- ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա համոզմամբ, այսպիսի իմիտացիոն աշխատանքներն ուղղակիորեն վնասում են երկրի իմիջին եւ որպես հետեւանք՝ արտաքին քաղաքականությանը: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այն պատկերը, որ ունենք, այժմ մեծապես կապված է վերոնշյալ խնդրի հետ, եւ սա գիտակցելով, կարծում է, անհրաժեշտ է շուտափույթ իրական լուծումների անցնել:

Back to top button