Հասարակություն

Կառավարությունը փորձում է օգնել աղետից տուժած գյուղացիներին (ավելացված)

տեղադրված է ժամը 12։01- ին
վերջին լրացումը 18։11- ին

hasmikdilanyan

«2017-2019թթ  միջնաժամկետ ծախսային ծրագրում պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  կասեցումը  ճիշտ որոշում էր»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն է։ Կառավարության ղեկավարն ու Վերահսկիչ պալատի նախագահն այսօր կրկին անդրադարձել են  սոցիալական փաթեթի  հանգստի բաղադրիչի կասեցմանը: 2016-ի համար  որևէ խնդիր ու խոչընդոտ չկա՝ հայտարարել է Հովիկ Աբրահամյանն ու  հույս հայտնել, որ ուսումնասիրությունների արդյունքների ավարտից հետո 2017թ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս բաղադրիչը կներառվի: 

 

Վերջին տասնօրյակում Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած բնական աղետներն անհանգստացնում են մեր քաղաքացիներին: Լոռի, Շիրակ,  Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք. տարբեր օրերի ու տարբեր տրամաչափի կարկուտն ու քամին ոչնչացրել են բերքը, քանդել տանիքները: Գյուղացին մտահոգ է՝  կորցրել է ողջ տարվա եկամուտն ու վարկերը փակելու վերջին հույսը: Գյուղացիների մտահոգությունը կիսում է  հանրապետության վարչապետը, նշում, որ այս հարցը, ինչպես նաեւ մարզպետարաններում ստեղծված  հանձնաժողովների առաջարկները ՀՀ նախագահի հետ են քննարկել, որոշել են օգնել ժողովրդին: Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի օր է, ինչ տեղում ծանոթանում է ստեղծված իրավիճակին, լսում գյուղացիների մտահոգություններն ու առաջարկությունները

«Երեկ մի քանի համայնքներում ենք եղել, իրոք մեծ աղետ է տեղի ունեցել: Մարդիկ վարկեր ունեն, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել, որ հետո վարկերը մարեն: Առաջարկ կար, որպեսզի հետաձգվեն  վարկերը: Ես պարոն (Կենտրոնական բանկի նախագահ Արթուր) Ջավադյանին խնդրում եմ,   որպեսզի առեւտրային բանկերի հետ համագործակցենք, հնարավորինս գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը: Իմ կարծիքով, նախարարությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզպետների, քաղաքապետերի, համայնքապետերի հետ, որ կարողանանք օգնել մեր քաղաքացիներին»,- ասաց։

Տեղի ունեցած բնական աղետների վնասները փուլ առ փուլ քննարկել ու հասցեական աջակցություն ցուցաբերել: Հայրենի կառավարությունն այս տրամաբանությամբ է  առաջնորդվում: Այսօր հատկացված  104 մլն դրամով  կմեղմվի    Արագածոտնի մարզում քամու հասցրած վնասի հետեւանքները: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, դրանով կվերականգնվեն Արագածոտնի մարզում 20  բնակիչների տների, մշակույթի  տան , դպրոցի  տանիքները։ Նախարարի փոխանցմամբ, գյուղացիների պահանջը մնում է նույնը՝ հակակարկտային կայանների տեղադրում։ «Հաշվի առնելով այս խնդիրը՝ այլ լուծում ենք առաջարկում։ Կիրակի օրվա հեղեղի արդյունքում Արմավիրում 20-ից ավելի համայնքներ ամբողջությամբ կորցրել են իրենց ռեսուրսները, համայնքների բնակիչների պահանջով նրանց 22 հակակարկտային համակարգեր են հատկացվել»։

Հաջորդ փուլում կքննարկվի Արմավիրի մարզում տեղի ունեցած քամու հետեւանքները մեղմելու  հարցը: Մինչ  այդ, Լոռու մարզում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած  հեղեղի  հետևանքով խաթարված ենթակառուցվածքների վերականգնման նպատակով հատկացվեց 16 մլն դրամ:

Արթիկում նույնպես  հեղեղի վնասների վերացման աշխատանքները շարունակվում են: Հովիկ Աբրահամյանը երեկ  կրկին անձամբ է այցելել Արթիկ, հանդիպել տուժած բնակիչների հետ, անհիմն  համարել «Բնակիչները  գոհ  չեն աջակցությունից» քննադատությունները: Ավելին՝ նշում է, որ քաղաքացիների կողմից շնորհակալական խոսքեր են հնչել, ինչը, վարչապետի  խոսքով,  օբյեկտիվ է :

«Հյուսիս-Հարավ»  ծրագրով կառուցվող  Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարական աշխատանքները դանդաղում են, դժգոհությունները վարչապետին էլ են հասել:  Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը վստահեցնում է՝ շինարարների մոտ կա աշխատանքային հստակ ժամանակացույց և ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել։

«Իմ ասածն ահազանգ չի՞: Ինձ խոսակցություններ են հասնում՝ չգիտեմ անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Ասում են՝ փողերը չկան, փողերը տարել են, հասկացեք՝ ինչն է պատճառը,»,-  նշեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի դիտարկմանն ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություններ է արել, իրավիճակը հսկողության տակ է: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրեն հասածը «ներսի աշխատողների» խոսակցություններն են, և պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները:

Շինարարություն իրականացնող  ու, վարչապետի խոսքով,  «այս գործում  չարիք  դարձած» իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանգիրը խզելու հիմքեր չկան՝ արդեն կառավարության նիստից հետո ասաց Արթուր Առաքելյանը:

Վերահսկիչ պալատը  շարունակում է ուսումնասիրել  սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  շուրջ հնչող  դժգոհությունները:

Հիշեցնենք,   մարտի 24-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՎՊ- ին հանձնարարել էր ուսումնասիրություն կատարել ու պարզել, թե ինչու են շահառուները դժգոհ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչից: Այսօր կառավարության նիստում  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց՝ շուրջ 300 մլն դրամի տարբեր տիպի խախտումներ են հայտնաբերել: Ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ջերմուկի, Արզնիի, Արտավազի ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում:  ՀՀ և ԼՂՀ-ում սոցփաթեթի հանգստի ծառայության ապահովման գործում ներառված է   69 զբոսաշրջային ընկերություն, դրանցից յոթում են միայն  ուսումնասիրություն կատարել:

Խոսելով խախտումների մասին՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ   որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց  պայմանագրային պարտավորությունները,  ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները  ծախսել են այլ նպատակով: Հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ, երբեմն էլ  հանդիպել են սոցիալական փաթեթի ապօրինի կանխիկացման  դեպքեր:  Թե ինչ կլինի բացահայտումներից հետո, դեռ պարզ չէ։ Իշխան Զաքարյանի խոսքով, պետք է շարունակեն ուսումնասիրությունները:

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց   գնահատականներ տալիս  չշտապել, սպասել ուսումնասիրությունների ավարտին, անհրաժեշտության դեպքում գնահատականներ կտան իրավապահները:

Back to top button