Տնտեսական

Ապրիլյան պատերազմն ազդե՞ց, թե՞ ոչ զբոսաշրջության վրա. Կարծիքները տարբեր են

arminegevorgyan

Ապրիլյան դեպքերն իրենց ազդեցությունը թողեցին  զբոսաշրջային ոլորտի վրա՝արդեն երկրորդ եռամսյակի վերջում` այսօր ասել  է Հյուրանոցների   ասոցիացիայի   նախագահ  Հակոբ Հակոբյանը:  Իսկ Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարինա Կպրյանը հեքիաթի ժանարից է համարել այն  տեսակետը, որ  Թուրքիա զբոսաշրջային  հոսքի  նվազումը  կարող է  նպաստել Հայաստան զբոսաշրջիկների աճին։

 

Անցած տարի զբոսաշրջային ոլորտը ՀՀ-ում անկում ունեցավ, թեեւ պաշտոնական տեղեկությունները հակառակն էին պնդում: Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարինա Կպրյանն ասում է, որ այս տարվա համար դեռ վաղ է խոսել  զբոսաշրջության աճի կամ անկման մասին: Վերջինը նշում է նաև, որ ապրիլյան դեպքերի հետ կապված մտավախություն է եղել, որ  ՀՀ զբոսաշրջային հոսքը կդադարի, սակայն իրենց ընկերությունը նման ցուցանիշներ չի գրանցել: «Սակայն անսպասելիորեն ոչ մի մերժում չունեցանք դեպի ՀՀ գալու: Պատերազմից անմիջապես երկու-երեք օր անց Անգլիայից խումբ ունեինք դեպի Արցախ: Մենք խմբին հարց տվեցինք՝ արդյոք ուզում են փոխարինել այլ վայր այցով, ուրիշ երթուղի, սակայն խմբի ղեկավարը չհամաձայնվեց»:

Մարինա  Կպրյանը նշում է, որ տուրիստական ընկերությունները պետք է ամեն ինչ անեն զբոսաշրջային նոր շուկաներ գտնելու համար։ Արդեն խոսելով այն դիտարկման մասին, թե Թուրքիայում զբոսաշրջային հոսքը նվազել է, հետեւաբար դեպի Հայաստան այդ հոսքը պետք է շատանա՝ դրանք հեքիաթի ժանրից է համարում։ Նա շեշտում է՝ համեմատական եզրեր չկան երկու երկրների միջեւ, քանի որ Թուրքիայում կա ծով, իսկ Հայաստանում՝ ոչ։ Այստեղի տուրօպերատորները պարզապես պետք է զբոսաշրջային միջավայրը կարողանան ճիշտ ներկայացնել և ուշադրությունը սեւեռել  ասիական երկրների վրա։

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը սակայն համաձայն չէ Մարինայի տեսակետի հետ։ Նշում է, որ տուրիստական սեզոնի սկզբում տեղի ունեցած ապրիլյան դեպքերն իրենց ազդեցությունը թողեցին արդեն երկրորդ եռամսյակի վերջում: Վերջինս չի կիսում նաեւ այն տեսակետը, որ  Հայաստանում  հյուրանոցային գները բարձր են։ «Մեզ մոտ շատ ցածր են գները, քանի որ մենաշնորհ չկա: Կարող եք գնալ Դիլիջան ու մեկ անձի համար կարող եք գտնել հինգ հազար դրամով տարբերակ»,- ասում։

Ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները անդրադարձան նաև կառավարության որոշմանը, որ 2017 թ. սոցփաթեթներից հանվում է հանգստի բաղադրիչը: Հիշեցնենք, որ այսօր  կառավարության նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ շուրջ 300 մլն. դրամի տարբեր տիպի  խախտումներ են հայտնաբերել: Ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ջերմուկի, Արզնիի, Արտավազի  ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում:

«Մենք դեռ այն ժամանակ ասել ենք, որ չարաշահումներից խուսափելու համար քաղաքացին պետք է ոչ թե դիմեր տուրիստական ընկերություններին, այլ ուղիղ դիմեր հյուրանոց ու միջոցները ուղիղ ծախսեր»,- ասում է Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Իսկ Մարինա Կպրյանը նշում է, որ իրենց ընկերությունն ի սկզբանե հրաժարվել է սոցփաթեթներից. քանի որ շահույթը շատ քիչ  է կազմել։

 

Back to top button