ԿարևորՔաղաքական

Որքանով ենք մոտ ԼՂ խնդրի կարգավորմանը. տեսակետներ Երեւանից եւ Ստեփանակերտից

annanazaryan
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո առաջնահերթ կարեւորվում ու անընդհատ շեշտվում էր հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, մինչդեռ այսօր հնչող հայտարարություններում խոսվում է հակամարտության կարգավորմանն  ավելի մոտ լինելու մասին։ «Մենք հիմքեր ունենք, որ այս անգամ շատ ավելի մոտ ենք հաջողության հասնելուն, քան մինչ այս»,- Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ երկու օր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ  դեռ վաղ է բացահայտել մանրամասները:

Արցախի նախկին փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց Լավրովի՝ շատ ավելի մոտ ենք խնդրի կարգավորման ձեւակերպման կապակցությամբ։ Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակն ավելի է վատթարացել: Արցախում և Հայաստանում նկատելի են հայրենասիրության բուռն դրսեւորումներ, նաև ծայրահեղ բացասական վերաբերմունք է ձեւավորվել փոխզիջումների մասին ցանկացած խոսակցության նկատմամբ՝ նկատեց Մասիս Մայիլյանը:

Նրա կարծիքով՝ ակտիվ բանակցություններ, որոնք պետք է հանգեցնեին ԼՂՀ տարածքների հանձնմանը Ադրբեջանին, նախատեսված էր հետպատերազմյան սցենարով և  տարօրինակ է, որ ոչ միայն ապրիլյան ագրեսիա  սանձազերծած Ադրբեջանը, այլեւ մյուս դերակատարներն շարունակում են անտեսել ձախողված բլիցկրիգի արդյունքները  եւ փորձում փոխել ստատուս քվոն:  Նման վարքագիծը, որը հաշվի չի առնում ստեղծված իրավիճակը, կարող է հանգեցնել ապակայունացման՝ ասում է: Ակնհայտ է, որ առանց հրադադարի ռեժիմի վերահսկման և միջադեպերի հետաքննության մշտական մեխանիզմի ներդրման, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման քաղաքական հարցերում որևէ  առաջընթաց հնարավոր չէ ակնկալել՝ շեշտում է Մայիլյանը։ «Չեմ կարծում, թե այսօր ավելի մոտ ենք կարգավորման։ Ապրիլից հետո ավելի կոշտացրել են կողմերն իրենց դիրքորոշումը՝ կարծում եմ»։

Ինտենսիվացնել նման հայտարարությունները, առանց հաշվի առնելով հասարակության տրամադրությունները, շատ վտանգավոր է, իսկ Լավրովի հայտարարած գաղտնիությունն էլ՝ անտեղի՝ ՝ ավելացրեց Արցախի նախկին փոխարտգործնախարարը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը  ձգտում է ոչ միայն նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլեւ ներկայանում է ստատուս քվոյի փոփոխման առաջարկներով: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկի միանձնյա միջնորդությունը կարող է արտատարածաշրջանային դերակատարների շահերի հավասարակշռության խախտման հանգեցնել։ Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերին ձեռնտու է ունենալ հավասարակշռված միջնորդություն, որն էլ ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ շեշտում է Մասիս Մայիլյանը։ «Թե ինչ առանձին քննարկումներ է վարում Լավրովը՝ դժվարանում եմ ասել։ Եթե կա նման ծրագիր՝ պետք է հրապարակվի, սակայն առանց կայունության ապահովման անցնել այդ հարցերի քննարկմանը շատ վտանգավոր կարող է լինել»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ խոսելով բանակցային գործընթացի ու  փոխզիջման մասին այսօր նշեց, որ 20 տարի առաջ  մեկնարկած բանակցային գործընթացը նպատակ ուներ հասնելու երկարատեւ խաղաղության, հնարավոր բանական փոխզիջման ճանապարհով։ «Ես իրավասու չեմ պատասխանելու և ճիշտ չեմ համարում հիմա անդրադառնալ, թե ինչն ինչի դիմաց կարելի է փոխզիջել: Բայց ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը որպես այդպիսին, եթե մեկնարկել է, ապա և՛ 90-ականների իշխանությունը, և՛ 2000-ականների իշխանությունը, և՛ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում գնում են բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու հարցականի տակ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը: Ինչպես օրերս շատ բաց տեքստով ասաց երկրի նախագահը, եթե անգամ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ստիպել ԼՂՀ ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում»:

Հիշեցնեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս և  որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը:

 

Back to top button