ԿարևորՀասարակություն

«Դասավանդիր, Հայաստան». երիտասարդ ուսուցիչները մեկնում են գյուղեր

sonahakobyan

Հաշվի առնելով  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարեւորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարեւորությունը՝ ԿԳ նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:

 

Նոր ուսումնական տարում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետները կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հինգ մարզերի 40 դպրոցների հետ:

MHM0106155 copyԵրիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա նախորդ տարվա՝ 14  մասնակիցներից կազմված  խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնը:  Մեծապես կարեւորելով այս նախաձեռնությունը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ տվյալ շարժումը կրթականից բացի նաև բարոյական նշանակություն ունի:

«Դասավանդիր, Հայաստան» ծրագիրը ընտրում է հատկապես այն մարզերն ու դպրոցները, որտեղ կան ուսուցիչների թափուր հաստիքներ: Երեւանից բացի, բոլոր համայնքներում թափուր հաստիքներ կան, բայց հատկապես խնդիր է օտար լեզուների մասնագետների պակասը: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները Հայաստանի և Սփյուռքի հայկական համայնքներից են։ Հայաստանի՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներում դասավանդելու համար ընտրվում են բազմակողմանի զարգացած, շնորհալի և եռանդուն անհատներ, ովքեր կրթական, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների բավարար փորձ և հմտություններ ունեն։

Ծրագրի շահառուներից Զինա Ղուկասյանն արդեն մեկ տարի է դասավանդում է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում: Գյուղ մեկնելուց առաջ երիտասարդ ուսուցչուհու պատկերացումները մի փոքր այլ էին: Այն իրականությունը, որին հանդիպեց, շատ ավելի մեծ ուժ տվեց իրեն՝ կատարելու իր առջև դրված այս կարեւորագույն առաքելությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ Զինա Ղուկասյանը: Այս մեկ տարվա ընթացքում քիչ դժվարությունների չի հանդիպել, բայց հաճելի պահերն էլ քիչ չեն եղել:

Մասնակիցների թիվն այս տարի աճել է, և դա արդեն իսկ ապացույցն է, որ նախորդ ծրագիրն իրեն արդարացրել և իսկապես ծառայել է նպատակին՝ նկատեց  «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման վրա։

Back to top button